Այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում է կայացրել, որով որոշակի շինություն իր հողամասով տրամադրվել է պաշտոնաթող նախագահին, սակայն 2018 թվականի ապրիլի 19-ի նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման համապատասխան կետերն ուժը կորցրած ճանաչվեն՝ առաջարկելով պաշտոնաթող երրորդ նախագահին բնակարանի տրամադրման հարցը լուծվի մյուս կառավարության կողմից, որն ինքը չի ղեկավարելու:
Հարությունյանի խոսքերով, պաշտոնաթող նախագահն օգտվում է նման երաշխիքներից, ինչը նախատեսված է օրենքով. «Պետք է նշեմ, որ նա վերջին պաշտոնաթող նախագահն է, որ օգտվում է նման իրավունքից»:
Ապա Արդարադատության նախարարն առաջարկեց մոտ ապագայում անդրադարձ կատարել հարցին:
Վարչապետ Փաշինյանն առաջարկեց իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին մեկասմյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով բնակարանով ապահովման երաշխիքների տրամադրման վերաբեյալ. «Մենք մեկ ամսվա ընթացքում պետք է լուծում գտնենք»:
Որոշումն ընդունվեց:
Փաշինյանն ապա հայտարարեց, որ սա կառավարության այս կազմով վերջին նիստն է, շնորհակալություն հայտնեց բոլորին և հաջողություն մաղթեց նոր կառավարությանը: