Հասարակություն 

Պահանջում են Ծառուկյան խմբակցության պատգամավորի հարցը քննել էթիկայի հանձնաժողովում

Հարգելի՛ ՀՀ ԱԺ նախագահ պարոն Ա. Բաբլոյան,

Ձեզ է դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների» կենտրոնի տնօրեն, «Գործարարության եւ վարչարարության» եւ «Հոգեբանության, սոցիոլոգիայի եւ սոցիալական աշխատանքի» ամբիոնների դասախոս  Թերեզա Արթուրի Խաչատրյանը: Սույն թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական» ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, մասնակցելով վերոգրյալ համալսարանի նախկին մի քանի աշխատողների կողմից կազմակերպված ցույցին, համալսարանի դարպասների դիմաց հանրային իր ելույթում հասցրել է ինձ եւ եւս երկու աշխատողի անձնական վիրավորանք՝ մասնավորաբար իմ հասցեին նշելով հետեւյալ միտքը, որ ինձ «… 1000 անգամ ներողություն, փողոցից եմ բերել …»:

Սույն նամակով խնդրում եւ պահանջում եմ հարցին տալ ընթացք՝ քննելով այն ՀՀ Ազգային Ժողովի համապատասխան էթիկայի հանձնաժողովում՝ պարզելու համար, թե որքանո՞վ է հարիր նման բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին եւ պարզապես որոշակի կենսափորձ, բարոյական բարձր արժեքներից խոսող մարդուն ի լուր աշխարհի վիրավորելու երիտասարդ կադրի արժանապատվությունը՝ չունենալով որեւէ հիմնավորում:

Ակնկալում եմ Ձեզանից օբյեկտիվություն եւ հետեւողականություն:

Թերեզա Խաչատրյան

ՇՊՀ Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվություններ, նորարարությունների եւ ՏՏ կենտրոնի տնօրեն

 

Նույն շարքից