Հասարակություն 

«Տարվա շուն» տիտղոս՝ աուտիստ երեխայի «փրկելու» համար (լուսանկարներ, տեսանյութեր)

ԱՄՆ-ում Զենա անունով շունն արժանացել է «Տարվա շուն» տիտղոսի՝ աուտիստ երեխայի «փրկելու» համար։

 

Երկու երեխաների մայր, 44-ամյա Լինդա Հիքեյը 4-ամսական շնիկի մասին իմացել է այս տարվա մարտին Facebook սոցկայքից։ Կիսակենդան, հյուծված կենդանուն բերել են Ջորջիա նահանգում գտնվող Dekalb Animal Services ապաստարան, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Բուժվելու շանսեր գրեթե չեն եղել, սակայն շունը հրաշքով փրկվել է և անհավանական կամքի համար նրան անվանել են Զենա Մարտիկ։ Լինդան անմիջապես որոշել է, որ հենց այս շունը կարող է դառնալ իր աուտիզմով տառապող 8-ամյա որդու լավագույն ընկերը։

 

«Ես չէի սխալվում։ Այս երկուսը պետք է լինեին միասին, պետք է փրկեին միմյանց։ Մեր ընտանիքում հայտնվելու առաջին իսկ օրվանից այս շունը նստել է երեխայի ծնկներին, անընդհատ նրան շոյել ու համբուրել, կարծես հենց դրա համար էր լույս աշխարհ եկել։ Ես նույնիսկ դժվարանում էի պատկերացնել, որ նման բան հնարավոր է»,- պատմել է երեխայի մայրը։

 

Լինդան նշում է, որ իր որդին հիվանդ, մեկուսացած և լռակյաց տղայից վերածվել է չլռող շատախոսի, ով լի է ուրախությամբ և կամքով։ Դպրոցից վերադառնալով՝ նա պատմում է, թե ինչպես է անցկացրել օրը, իսկ նախկինում նա թաքնվում էր մութ անկյուններում կամ պարզապես լռում։

 

Իմանալով այդ յուրահատուկ պատմության մասին՝ Կենդանիների բռնությունը կանխող ամերիկյան միությունը Ջոնին և Զենային հրավիրել է Նյու Յորք, որտեղ շանը թագավորական թիկնոց և թագ են դրել։ Երջանիկ փոքրիկը շան հետ բարձրացել է բեմ, որտեղ առաջին անգամ ելույթ է ունեցել բազմաթիվ հանդիսատեսի առաջ։

 

«Մենք Զենայի հետ հիանալի թիմ ենք։ Ես երջանիկ եմ, որ մենք Նյու Յորքում ենք»,- ասել է Ջոնին։




Analitik.am

Նույն շարքից