Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Օսիպյանից ավելի շատ ներքին կյանքում «շան միս կերած» մարդ չգիտեմ. Արամ Սարգսյանը նոր նշանակումների մասին

analitik.am

Եռաբլուրում, ուր այսօր Երկրապահի օրվա կապակցությամբ որոշ գործիչներ այցելել էին զոհվածների շիրիմներին (Երկրապահի օրը մայիսի 8-ին է), «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն անդրադարձավ նոր կառավարության կազմի ձևավորմանը: Նա նշեց, որ շատ դրական է վերաբերում, գերկարևոր, առաջնային կառույցների ղեկավարների նշանակումներին, քանի որ պատերազմող երկրի համար դրանք ուղղակի օրվա խնդիր են: «Պաշտպանության նախարարությունում միայն բանիմաց մարդ պետք է լինի, և Դավիթ Տոնոյանի նշանակումը ողջունելի է, նա փորձառու է, բոլոր առումներով ընդունելի և ընկալելի մարդ, որ հրաշալի գիտի թե՛ բանակը, թե՛ բանակի առաջ դրված խնդիրները»,-նշեց նա՝ ընդգծելով, որ միանշանակ կարծում է, որ ճիշտ ընտրություն էր և ամենակարևոր նշանակումն իր համար:

ԱԱԾ պետի նշանակման մասով  նա ասաց, որ հեղափոխության արդյունքում փոփոխությունների գնացող երկրի համար դա ևս գերկարևոր է, և այստեղ էլ փորձառու մարդ է պետք:

Ասաց, որ անձամբ չի ճանաչում նշանակված պետին,  բայց մարդու աշխատանքային փորձը, գնդապետի կոչումը ամբողջությամբ բավարար է համարում:

Ինչ վերաբերոււմ է ոստիկանապետին, ապա, ըստ Սարգսյանի,  Օսիպյանից ավելի շատ ներքին կյանքում «շան միս կերած» մարդ չգիտի.  «Այն կարծիքին եմ, որ այդ փորձառությունն ու անցած ճանապարհը կանեն իրենց գործը: Հասկանում եմ ինձ հետ հանրահավաքների մասնակցած այն մարդկանց մոտեցումները, ովքեր բարիկադների այն կողմում են եղել, բայց պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը, 1700 տարվա քրիստոնյա լինելով, ուզում է ոստիկանին և քահանային նույնականացնեն: Ես չգիտեմ որևէ այլ ոստիկան, որը երկար տարիներ աշխատած լինի ոստիկանությունում, ունենա գնդապետի կոչում ու ամեն առավոտ վեր կացած ու օրհնած լինի ժողովրդին, բարեմաղթանքներ արած լինի»:

Պատգամավորը մյուս նշանակումները նույնպես դրական համարեց. «Շատ երիտասարդ, եռանդով լի թիմ է, շատ կարևոր է եռանդը: Միանշանակ, նախկինից շատ ավելի լավ է լինելու, այդ մարդկանց կրթական ցենզը հույս է ներշնչում, որ գործունեությանը շատ արագ կտիրապետեն և ամեն ինչ լավ կլինի»:

Ընդհանուր առմամբ, Սարգսյանն  ասաց, որ փորձառության և արագ գործին տիրապետելու առումով նշանակումները շատ ճիշտ էին: «Սա այն դեպքն է, որ նշանակումները մեկին մեկ համընկնում են և իմ անձնական ցանկությանը»:

Նույն շարքից