Բարի օր Հասարակություն 

Ինչ-որ մարդիկ խանգարում են Երևանի կարգ ու կանոնը. Բնակիչները վրդովված են

analitik.am

Analitik.am-ը տեղեկություն ստացավ առ այն, որ ինչ-որ մարդիկ փակել են Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի մի հատվածը, ինչի պատճառով բնակիչներին անհարմարություններ են պատճառվում: Մեր լրագրողի հետ զրույցում բնակիչները  զայրացած ասացին, որ տեղյակ չեն, թե ինչ են պահանջում այդ մարդիկ և ինչ նպատակով են փակել փողոցները:

Բնակիչները վրդովված են, քանի որ չեն կարողանում հասնել աշխատանքի, երեխաներին տանել դպրոց և զբաղվել իրենց առօրյա գործերով:

«Ես երեխայիս պետք է բժշկի տանեմ, դուրս եմ եկել մի ժամ ա, որ հասկանամ, թե ինչ են ուզում այս մարդիկ…  ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ են ուզում, ինչի՞ համար են փակել, ինչի՞ են նման քայլերով սև բիծ թողնում համաժողովրդական շարժման վրա: Չի կարելի նման բան անել, չի կարելի սեփական հայեցողությամբ երբ ուզել, գնալ փողոց փակել, ախր էսենց ոնց կլինի»,- վրդովված ասաց մի կին:

Մի տղամարդ էլ ջղայնացած ասաց, որ սա արդեն անարխիա է.«Ես էլ եմ փողոց փակել մի քանի օր, բայց էն ուրիշ էր, էս ի՞նչ ա, ո՞վ ա անում… Հիմա ինչ, ով ինչ հարց ունենա, պիտի գնա փողոց փակի՞, մարդ ենք, հազար գործ ունենք, բա էսենց բան են անում»:

Բնակիչներից ոմանք կոչ էին անում ցուցարարներին հեռանալ, քանի որ իրենց անհարմարություններ են պատճառում:

«Նիկոլը տեղյա՞կ ա, որ եկել եք ստեղ էսենց բաներ եք անում, չե՞ք ամաչում»,- ասաց մի կին:

Analitik.am-ի տեղեկություններով փողոցի մի հատվածը փակելու կազմակերպիչն է Զարուհի Փոստանջյանը, ով փորձում է իր սեփական ամբիցիաները բավարարել՝ օգտագործելով երկրում ստեղծված իրավիճակը: Մեր ունեցած տեղեկություններով նրան օգնում են Փաշինյանի թիմից  որոշ  մարդիկ, ովքեր փորձում են իրենց համար պաշտոնի հարց լուծել:

Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք նրան, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնագործունեությամբ մեջքից հարված հասցնել Փաշինյանին: Գուցե հենց այդ պատճառով էլ Երևանի քաղաքապետարանին կից փողոցը փակվում է այն օրը, երբ Փաշինյանը մեկնել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և խիստ ծանրաբեռնված գրաֆիկ ունի:

 

 

Նույն շարքից