«Այդ ամեն ինչը՝ կռիվը, ծեծկռտուքը, տեղի է ունեցել իր պատճառով: Ես նրան չեմ սրբացնում, ինքը մեղավոր է: Իսկ ինչ վերաբերում է դանակահարությանը, վստահեցնում եմ, որ ինքը չէ դա արել, և դա քննության ընթացքում պարզվել է»,-այսօր՝ մայիսի 14-ին, Ազատության եթերում հայտարարել է ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով իր եղբորորդու հետ կապված հայտնի պատմությանը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով դանակահարվել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը: Երկու օր անց որպես կասկածյալ էր ներկայացվել կրկին Նուբարաշենի բնակիչ Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը:
Օսիպյանի խոսքերով, Սեդրակ Օսիպյանն իր ազգականն է, սակայն ինքը պարտավոր չէ պատասխան տալ. «Բոլորն էլ ունեն հարազատներ: Ես նրանից չեմ հրաժարվում: Նա իմ կողմից ստացել է իր արժանի պատիժը, բայց ես պարտավոր չեմ նրա համար պատասխանատվություն կրել»: