Հայաստան Քաղաքական 

Ինչու են ձերբակալվել ԵԼՔ պատգամավորները և ինչ եղավ ԳԴ ներկայացրած միջնորդությունը

«Համաժողովրդական շարժման ընթացքում տեղի է ունեցել բռնությունների կիրառման, ավտոմեքենաների վնասման դեպքերը, արդյո՞ք քրեական գործ կա հարուցված այս ուղղությամբ» ,-այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում դատախազության 2017 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը բարձրացրեց նաև ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալության հարցը՝ նշելով, որ Փաշինյանին, ըստ երևույթի, առևանգել են, քանի որ վերջինիս գտնվելու վայրը որևէ մեկը իրենց չի հայտնել: Պատգամավորը մասնավորապես ցանկացավ իմանալ, թե ինչու են իր թիմակիցները ձերբակալվել, ինչ միջնորդություն է ներկայացրել դատախազությունն Ազգային ժողով վերջիններիս անձեռնմխելիությունից զրկելու համար և հետագայում ինչ է եղել այդ միջնորդության հետ:
Գլխավոր դատախազը նշեց, որ ԵԼՔ պատգամավորները ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու, իրականացնելու համար: Դավթյանը հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից վերջերս իրականացված փոփոխության արդյունքում ձերբակալված անձը ձերբակալումից անմիջապես հետո զանգի և իր գտնվելու վայրը հայտնելու իրավունք ունի, սակայն այդ նույն նորմով բացառություն ևս կա սահմանված, որի համաձայն, անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնող քննիչն իր վերադասի համաձայնությամբ կարող է ժամկետը երկարաձգել և հասցնել 12 ժամի:
Ինչ վերաբերում է ԱԺ ներկայացրած միջնորդությանը, Դավթյանն ասաց, որ այն եղել է միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Դրանից հետո վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը գրավոր դիմել է Գլխավոր դատախազին, հիմնավորումներ ներկայացրել և առաջարկել խորհրդարանական լսումներ չհրավիրել, ինչից հետո որոշում է կայացվել հարցը հանել քննարկումից: Դրանից հետո՝ նույն օրը, պատգամավորներն ազատ են արձակվել:

Իր արձագանքում Մարուքյանը կարծիք հայտնեց, որ ԵԼՔ պատգամավորները ձերբակալվել են քաղաքական նկատառումներով և նույն նկատառումներով էլ ազատ են արձակվել:

 

Նույն շարքից