Հայաստան Քաղաքականություն 

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազորդեսպանին

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանատան պատվիրակության կազմում են եղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլաուս Վենդելբերգերը, Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելը, Հարավային Կովկասում Զարգացման համագործակցության ղեկավար Դանիել Հաասը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ղեկավար Աննե Քեմփան, ծրագրի համակարգող Ջանին Ֆիշերը, GIZ մասնավոր հատվածի զարգացման և տեխնիկական մասնագիտական կրթություն և ուսուցման թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն:

Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ որպես ԿԳ նախարար միջազգային համագործակցության շրջանակում սա իր առաջին հանդիպումն է: Նախարարը շեշտել է, որ ՀՀ նոր կառավարությունը կրթության և գիտության ոլորտում կարևորում է միջազգային փորձագիտական աջակցությունը և համագործակցությունը:

Դեսպան Մաթիաս Քիեսլերը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում կրթության ոլորտի ծրագրերն առաջնային տեղ են զբաղեցնում: Դեսպանի խոսքով` նախկինում ծավալվել է արդյունավետ համագործակցություն, մասնավորապես գերմաներանի՝ որպես օտար լեզվի ուսուցման, ինչպես նաև մասնագիտական կրթության ուղղություններով: Որպես երկկողմ համագործակցության նշանակալի ձեռքբերում՝ դեսպանը նշել է վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչումը, որը հնարավորություն է տալիս հայ աշակերտներին միանգամից դիմել Գերմանիայի բուհեր:
Նշվել է, որ այժմ Հայաստանի 7 դպրոցներում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում և դեսպանատունը կարևորում է դպրոցների ցանկի ընդլայնումը: Կարևորվել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական դուալ համակարգի ներդրումը: Այժմ Հայաստանի 4 ՄԿՈՒ հաստատություններում ներդրված է 5 պիլոտային ծրագիր` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նոր կառավարության քաղաքականության մեջ օտար լեզուների ուսուցումը կարևոր տեղ է զբաղեցնում. «Համոզված ենք, որ օտար լեզուների արդյունավետ ուսուցումը կապված է դասավանդման արդյունավետության հետ: Այս համատեքստում մենք հետաքրքրված ենք նաև գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացմամբ և այդ ուղղությամբ բոլոր ծրագրերը կստանան աջակցություն»,- նշել է ԿԳ նախարարը և համոզմունք հայտնել, որ կրթությունն ապահովելու է առաջընթաց բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով կրթության և գիտության ոլորտում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին առհասարակ` նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ միջազգային ծրագրերի դրամաշնորհային կամ վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը և վերահսկումը, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը՝ նոր կառավարության համար չափազանց կարևոր է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթական առանձին ծրագրերի ընթացքին և պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա աշխատանքային հանդիպումների վերաբերյալ:

 

Նույն շարքից