Բարի օր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Ո՞վ է փորձում սևացնել Երևանի ավագանու գործունեությունը և խնդիրներ առաջացնում Նիկոլ Փաշինյանի կառավարության համար

analitik.am

Այսօր որոշ մարդիկ փորձեցին բուռն քննարկման առարկա դարձնել Մյասնիկյանի արձանի հետնամասի այգու հարցը՝ տարածելով լուսանկար, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը:

Զարմանալին այն էր, որ այս հարցի մասին ոմանք հիշեցին այսօր, ամենայն հավանականությամբ, պետք է ինչ-որ, այսպես ասած, բծեր գտնել քաղաքապետարանի աշխատանքի վրա: Սակայն, ընտրված թեման բավականին անհաջող է այդ առումով և ահա, թե ինչու.

Դեռևս 2017-ի դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ ընդունվել է միաձայն որոշում Մյասնիկյանի արձանի հետնամասի այգու հետ կապված՝ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի նվիրաբերության առաջարկին հավանություն տալու մասին: Հատուկ նշենք, որ այդ որոշմանը կողմ են քվեարկել բոլոր խմբակցությունները՝ ՀՀԿ, ԵԼՔ, Երկիր Ծիրանի: Մի փոքր հիշեցնենք, գուցե որոշ ավագանիների համար էլ օգտակար կլինի,    թե ինչ էր իրենից ներկայացնում այդ որոշումը: Այսպես, այդ  որոշմամբ՝

1.Հավանություն է տրվել  Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի՝ Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ.Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգու բարեկարգման նպատակով իրականացվելիք շինարարական, այդ թվում՝ շատրվանների կառուցման աշխատանքների արդյունքը Երևան համայնքին նվիրաբերելու առաջարկին:

2.Առաջարկվել է Երևանի քաղաքապետին՝ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ հետևյալ հիմնական պայմանների ներառմամբ.

1) Նվիրաբերությունն իրականացվում է որպես բարեգործություն, նվիրաբերության նպատակն է՝ Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված բարեկարգ այգին բացառապես հանրության հանգստի համար ծառայեցնելը.

2) Այգին առնվազն 99 տարի պետք է հանդիսանա համայնքի սեփականությունը և ծառայի նվիրաբերության պայմանագրով նախատեսված նվիրաբերության նպատակին.

3) շինարարական և բարեկարգման աշխատանքները «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է իրականացնել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 25-ը, իսկ Երևան համայնքը պարտավորվում է ընդունել դրանք՝ նվիրաբերության պայմանագրին համապատասխան.

4) շինարարական և բարեկարգման աշխատանքները, ներառյալ՝ նախագծման աշխատանքները, իրականացվում են «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի հաշվին՝ վերջինիս ընտրած կապալառուների միջոցով.

5) «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է.

ա. Երևան համայնքին հանձնել Այգու ճարտարապետակոնստրուկտորական նախագծերը և ինժեներական ցանցերի սխեման:

բ. իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը և/կամ փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և/կամ վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը։

Այս որոշումից պարզ երևում է, որ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 25-ը կատարվելու են այգու բարեկարգման աշխատանքներ, որոնց մեջ մտնում է նաև չորացած ծառերի հատում, նոր ծառերի տնկում և այսպես շարունակ: Իսկ որոշման վերջին կետի երկրորդ ենթակետով էլ պարզ գրված է, որ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը  պարտավորվում է կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումն ապահովել՝ այսինքն չի կարող լինել այնպես, որ այգում կանաչ գոտիները նվազեն, ինչը նշանակում է, որ բերակարգման աշխատանքների ժամանակ նորմալ է, որ պետք է հատվեն չորացած ծառերը, բայց դրանց փոխարեն պարտադիր կտնկվեն նոր ծառեր, քանի որ որոշման մեջ դա կա, իսկ աշխատանքների ավարտին էլ դեռ մի քանի ամիս կա:

Այս ամենը շատ լավ գիտակցում են թե ավագանու անդամները, ովքեր միաձայն կողմ են քվեարկել վերոնշյալ որոշմանը,  թե մարդիկ, ովքեր քիչ, թե շատ տեղյակ են, թե ինչու է, այսպես ասած, աղմկում գետը:

Ի դեպ, այս որոշմանն ամիսներ առաջ կողմ են քվեարկել անխտիր բոլոր 61 Երևանի ավագանու անդամները, ինչը նշանակում է, որ վերոնշյալ թեմայի շահարկումն այս պահին առնվազն անկեղծ չէ, իսկ հարցը բուռն քննարկման առարկա դարձնելու նպատակն էլ արդեն ակնհայտ է: Հերթական անգամ փորձ է արվում որոշ մարդկանց կողմից օգտվել ստեղծված քաղաքական իրավիճակից և ուղղակի զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը: Նման անձնական շահերով առաջնորդվող որոշ մարդկանց մոտեցումը  ոչ միայն համազգային շարժման վրա է սև բիծ թողնում, այլ նաև խոչընդոտում պետության համար կարևորագույն խնդիրների լուծմանը, քանի որ առաջացնում է հավելյալ անհարմարություններ թե հասարակության, թե պետական մարմինների համար:

Անհասկանալի է, թե ինչպես կարող են այդ մարդիկ չհասկանալ, որ Հայաստանի համար այս դժվարին պահին հասարակությունը չի կարող զբաղվել իրենց անձի համար պաշտոն ապահովելու գործով, իսկ նման էժանագին եղանակով հասարակական արհեստական պահանջ ստեղծելու փորձերն էլ բերելու են նրան, որ շատերը հիասթափվեն՝ տեսնելով, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի թիմում կան մարդիկ, ում գերնպատակը պաշտոն ստանալն է, այլ ոչ թե հասարակական բարեկեցությունն ու կայունությունը: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, այդ մարդիկ սերտ կապված են որոշ օլիգարխների հետ, ուստի վստահաբար կարելի է ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի սատարի նրանց նկրտումներին, այլ անհրաժեշտության դեպքում կսաստի նրանց ոչ առողջ ամբիցիաները:

Ի դեպ, այգու հետ կապված մանրամասն մեկնաբանություններ են ներկայացրել թե Երևանի քաղաքապետարանը, թե Երևանի գլխավոր ճարտարապետը, թե «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը:

«Անալիտիկ» վերլուծական թիմ

Նույն շարքից