Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Այո, քաղաքացիներն ուզում են, որ Մարգարյանը շարունակի մնալ Երևանի քաղաքապետ. Արթուր Գևորգյան

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Երևանի քաղաքապետարան և պահանջել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Սա դուր չի եկել քաղաքապետի կողմնակիցներին, ովքեր էլ հավաքվել են քաղաքապետարանի մոտ և իրենց աջակցությունը հայտնել Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ վերջինս պետք է շարունակի պաշտոնավարել: Այս թեմայի մասին Analitik.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մետ Արթուր Գևորգյանի հետ:

Պարոն Գևորգյան, ի՞նչ էր կատարվում այսօր քաղաքապետարանի դիմաց, ի՞նչ էին ուզում քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիները:

Քաղաքապետարանի դիմաց իրենց քաղաքացիական հավաքն էին անցկացնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմնակիցները: Իմ տեղեկություններով, դա ինքնաբուխ ակցիա էր: Մարդիկ սոցիալական ցանցերում տեսել են, որ քաղաքապետարանում մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը և որոշել են  ինքնաբուխ հավաք  իրականացնել՝  իրենց աջակցությունը հայտնելով  Մարգարյանին:

Պարոն Գևորգյան, դրսում հավաքված քաղաքացիները մեզ հետ զրույցում նշեցին, թե ինչու պետք է Մարգարյանը շարունակի պաշտոնավարել, թվարկում էին, թե ինչեր է նա արել: Եթե ամփոփելու լինենք Մարգարյանի կառավարման տարիները, ի՞նչ կարող ենք ասել՝ ի՞նչ է հասցրել անել  քաղաքապետը և ինչի՞ համար պետք է շարունակի պաշտոնավարել:

Արված աշխատանքի ծավալներն այնքան մեծ են, որ կդժվարանամ նշել ամեն ինչ, ժամանակը չի բավականացնի: Թերևս, հիշեմ ամենախոշորների մասին: Կարող են սկսել հենց նույն այգի-պուրակների բարեկարգումից և նոր այգիների հիմնումից: Այս մասով 2011 թվականից հետո շուրջ 16 այգի է բարեկարգվել, կառուցվել և հանձնվել մեր համաքաղաքացիներին: Դրանցից խոշորագույններն են Արմենիա ԲԿ-ի հարևանությամբ գտնվող այգին, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Շողակաթի այգին, Խաչքարերի պուրակը, որը շատ անխնամ վիճակում էր, Միսակ Մանուշյանի պուրակը, Թաթուլ Կրպեյանի անվան այգին, Նոր Նորքում Տիգրան Մեծի այգին և այլն: Դրանք շատ են, և ես կդժվարանամ բոլորը հիշել: Մի բան պարզ է, որ այդ բոլոր տարածքներն անխնամ էին, տարիների ընթացքում կորցրել էին իրենց նշանակությունը, իսկ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ վերակառուցվեցին, թարմացվեցին և հանձնվեցին մեր համաքաղաքացիների տնօրինմանը: Ի դեպ, այդ աշխատանքները շարունակական են: Պետք չէ մոռանալ ճանապարհների մասին: Ամենախոշորը, որը խորհրդային տարիներից ի վեր երազանք էր, Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատվածն է, որն այսօր կրում է Մոնթե Մելքումյանի անունը: Այսօր փուլ առ փուլ կառուցվում և շահագործման է հանձնվում Երևանի շրջանցիկ ճանապարհը, որը շուրջ 23 կմ երկարություն ունի: Գիտեք, որ արդեն իսկ շահագործման է հանձնված Երևանի հարավային մուտքը, որը Երևանը երբեք չի ունեցել:

Փաստորեն, այսօր  բազմաթիվ մարդիկ հավաքվել ու ուզում էին, որ Տարոն Մարգարյանը շարունակի պաշտոնավարել, իսկ մի խումբ մարդիկ էլ պահանջում էին վերջինիս հրաժարականը: Կա՞ քաղաքապետի պլաններում հեռանալը, թե՞ նա կհետևի քաղաքացիների պահանջին և կշարունակի պաշտոնավարել:

Ոչ: Ես արդեն հստակ նշել եմ, որ օրակարգում մենք նման հարց չունենք: Երևանի քաղաքապետարանն էլ իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է իր բոլոր գործառույթները քաղաքային տնտեսության կառավարման ուղղությամբ:  Ես կարող եմ վստահաբար ասել՝ այո, քաղաքացիներն ուզում են, որ Մարգարյանը շարունակի մնալ Երևանի քաղաքապետ: Ավելին՝ նախորդ տարի Երևան համայնքի ավագանու ընտրություններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմն ամենաշատ քվեն ստացավ երևանցիների կողմից և այն ստացավ հենց կատարած աշխատանքի, վստահության համար: Մեր համաքաղաքացիները ցանկացան, որ Մարգարյանը շարունակի այն բոլոր ծրագրերը, որոնք սկսվել են: Երևանցիների զգալի մասը գնահատում է քաղաքապետի կատարած աշխատանքը:

 

 

Նույն շարքից