Հայաստան Քաղաքականություն 

Լևոն Տեր-Պետրոսյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել. ilur.am

Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն:

Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

  • 87
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
    89
    Shares

Related Articles