Հասարակություն 

Ջրամբարի պատվարի պայմանական փլուզում Արագածոտնում

analitik.am

Շտաբային ուսումնավարժություն ՃԿԱԿ անձնակազմի համար

Մայիսի 17-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվել էր հերթական շտաբային ուսումնավարժությունը: Թեման էր՝ «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) անձնակազմի գործողությունները և հնարավոր ջրածածկման գոտու հաշվարկի իրականացումը երկրատեղեկատվական համակարգերի կիրառմամբ»:

Ուսումնավարժությանն ընդգրկված էին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ստորաբաժանումներ, ինչպես նաև ՓԾ Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների ներկայացուցիչներ: Վարժանքը ղեկավարում էր ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Միջոցառման հիմնական նպատակներն էին՝
• կատարելագործել ՃԿԱԿ անձնակազմի հմտությունները` ջրամբարի պատվարի փլուզման դեպքում հնարավոր իրավիճակի բացահայտման և գործողությունների ծավալման ուղղությամբ.
• բարձրացնել ՃԿԱԿ անձնակազմի գործողությունների օպերատիվությունն ու արդյունավետությունը՝ ջրամբարների պատվարների փլուզման դեպքում:

Սցենարի համաձայն՝ ս/թ ապրիլ-մայիս ամիսներին հանրապետության տարածքում դիտվել են առատ տեղումներ. լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, իսկ ցածրադիր գոտիներում՝ հորդառատ անձրևների տեսքով, որոնք մի քանի անգամ գերազանցել են տարեկան բազմամյա միջին քանակը: Հանրապետության տարածքի բոլոր ջրային ավազաններում ջրի մակարդակը սկսել է բարձրանալ: Հարթավայրային տարածքներում գետերը դուրս են եկել հունից՝ ողողելով ափամերձ տարածքները: Լեռնային գոտիներում՝ մասնավորապես Ապարանի տարածաշրջանում, օդի ջերմաստիճանը սկսել է կտրուկ բարձրանալ, ինչի հետևանքով ջրամբար լցվող գետերի և գետակների ջրայնությունը կտրուկ ավելացել է, նկատվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում: Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ապարանի ջրամբարի պահպանության հերթապահից Արագածոտնի մարզային ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ վաղ առավոտյան ջրամբարի պատվարի միջնամասում նկատվել են ճաքեր, առկա է ջրի թույլ հոսք:

Ուսումնավարժության մասնակիցները, ամփոփելով դեպքի վայրից ստացված տվյալները, ներկայացրեցին առաջարկություններ՝ իրադարձությունների հետագա հնարավոր զարգացման և ըստ դրա՝ եղած ուժերի և միջոցների նպատակահարմար կիրառման, հետախուզության կազմակերպման, փրկարարական աշխատանքների, վտանգավոր տարածքից բնակչության տարհանման, տարհանված բնակչության կենսաապահովման միջոցառումների, ՓԾ ստորաբաժանումների և այլ ծառայությունների ուժերի ու միջոցների վերաբերյալ տեղեկատվության համակարգման, թվային քարտեզագրման և անհրաժեշտ լրացուցիչ ուժերի վերաբերյալ:

Միջոցառման շրջանակում ՃԿԱԿ-ում տեղեկատվական հոսքերը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին աշխատանքային խմբեր՝ թվային քարտեզագրման, պայմանական զոհերի, տուժածների, տարհանված, անհայտ կորած կամ անօթևան մնացած մարդկանց հաշվառման, թեժ գծի և շահագրգիռ գերատեսչությունների հետ փոխհամագործակցության հարցերով:

Շտաբային ուսումնավարժությունները նպաստում են անձնակազմի որակավորման և մյուս գերատեսչությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Նույն շարքից