Մարդիկ պետք է կարողանան իրենց հաշիվ տալ, որ իրենց բողոքի ակցիաներով կարող են միջամտել այլոց իրավունքներին և ազատություններին: Այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում Սասնա ծռեր խմբի անդամների կողմնակիցների բողոքի ակցիաներին:
Հիշեցնենք, որ երեկ խմբի կողմնակիցները մեկ օր Արշակունյաց պողոտան փակ պահելուց հետո անսացին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և բացեցին այն, սակայն դեռ շարունակում են արգելափակած պահել դատարանի երկու մուտքերը: Երեկ ակցիայի մասնակիցները նաև հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպումից մանրամասներ հայտնի չեն:
«Երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվեց, որ ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը: Այս մասին երեկ խոսեց նաև ՀՀ 1-ին նախագահը: Յուրաքանչյուրը պետք է իրեն հաշիվ տա և իր գործողություններն այնպես անի, որպեսզի չվնասի ընդհանուր շահը: Այս հեղափոխությունը բացառիկ է և յուրաքանչյուրս պատասխանատու ենք դրա համար: Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցնում, պետք է չբացառենք, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքներին: Դա պետք է օբյեկտիվության սահմաններում քննվի և լուծում ստանա»,-ասել է նախարարը: