Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին քննարկումներ ՀՀԿ խմբակցությունում չեն եղել: Այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ իր տեղեկությունենրով դրանք չեն եղել նաև հենց Հանրապետական կուսակցությունում:
Հարությունյանի խոսքերով, գոնե այս պահին դեռ վաղ է խոսել արտահերթ ընտրությունների մասին. «Որպես կանոն արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանում է, երբ իրական ուժերի հարաբերակցությունն էապես տարբերվում է այն հարաբերակցությունից, որով կան այդ ուժերը խորհրդարանում: Այսօր մենք այդ իրավիճակն ունենք, բայց որպես կանոն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվում է, երբ այդ ուժերի հարբերակցությունը կայունանում է: Այնպես չէ, որ այսօրվա հարաբերակցությունը վաղը կմնա նույնը: Շատ հնարավոր է, որ լինեն տեղաշարժեր: Հետևաբար, որոշ ժամանակ անց, երբ կրքերը կհանդարտվեն, երբ ուժերի իրական հարաբերակցությունը կձևավորվի, այդ ժամանակ ռեալ հնարավորություն կլինի խոսել արտահերթ կամ հերթական ընտրությունների մասին»:
Ապա Հարությունյանը որպես օրինակ խոսեց Ժառանգություն կուսակցության մասին, որը նախագահական ընտրությունների ժամանակ երկրորդն էր՝ մեծ թվով ձայներով, սակայն երեք ամիս անց Երևանի ավագանու ընտրություններում մի կերպ հաղթահարեց ընտրական շեմը:
Հարությունյանը հավելեց, թե որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պահին Հանրապետականի ռեյտինգը ցածր է, բայց երբ իրավիճակը կայունանա, ժամանակը ցույց կտա՝ ով ինչքան ռեյտինգ ունի: