Հասարակություն Մշակույթ 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները միացել են Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին

analitik.am

Մայրաքաղաքի համայնքային թանգարանները միացել են Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին, որոնք այս տարի Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով անցկացվում են «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո:

Մասնավորապես, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այցելուները հնարավորություն են ունեցել դիտելու «Հնագիտական ժառանգությունը՝ սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» ցուցահանդեսը: Ավելի ուշ թանգարանի ներքին բակի ցուցասրահում բացվել է «Հուշապատում. դրվագներ Էրեբունի-Երևանի տոնակատարություններից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Ալ. Թամանյանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Էրեբունի» թանգարանի հետ համատեղ ներկայացվել է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ժամանակավոր ցուցահանդեսը:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում տեղի է ունեցել Սամուէլ Պօղոսեանի «Պօղոս Նուբար Փաշա. Ազգային գործիչը» գրքի քննարկում: Միջոցառմանը, գրքի հեղինակից բացի, ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Թանգարանների միջազգային օրվան տարատեսակ միջոցառումներով և ցուցահանդեսներով միացել են նաև Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի և «Կարեն Դեմիրճյան» թանգարանները:
Ամբողջ օրվա ընթացքում թանգարանների մուտքը եղել է ազատ:
Հիշեցնենք, որ միջոցառումները շարունակվելու են նաև վաղը՝ ըստ «Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագրի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից