Հասարակություն 

Անգնահատելի է այն հսկայական աշխատանքը, որը կատարեցիք Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո. Արա Բաբլոյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Հարգելի պարոն Ազնավուր,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ և ջերմությամբ հիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

Կատարողական բացառիկ արվեստի և հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում: Միաժամանակ ստեղծել եք էստրադային երգի ինքնատիպ և ունկնդրին այնքան հոգեհարազատ դպրոց` իրավամբ վաստակելով «մեծ շանսոնիե» կոչումը:

Հայաստանում սիրում են Ձեր երգերը, ուրախությամբ հետևում են Ձեր ստեղծագործական ու բեմական հաջողություններին և հպարտանում Ձեզնով:

Անգնահատելի է այն հսկայական աշխատանքը, որը կատարեցիք Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի միջոցով: Իսկ «Քեզ համար, Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում:

Սիրելի մաեստրո, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:

 

Նույն շարքից