Քաղաքականություն 

Վարչապետ Փաշինյանը դեսպան Գասսերի հետ քննարկել է հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:

Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացումը և ընդգծել, որ երկու երկրների միջև քաղաքական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը տնտեսական ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժն իրացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու և միջազգային հարթակներում սերտ համագործակցության համար:

Դեսպանը, շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է իր երկրի կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ամրապնդելու երկկողմ կապերը: Լուկաս Գասսերը վերահաստատել է Շվեյցարիայի նախագահի մասնակցությունը աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ դեսպանը տեղեկացրել է, որ շվեյցարական մի շարք ընկերություններ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում և այժմ ուսումնասիրում են մեր երկրի բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները: Լուկաս Գասսերն ասել է, որ այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի՝ առկա հնարավորություններին ծանոթանալու և դրանք շվեյցարացի գործարարներին ներկայացնելու նպատակով: Դեսպանը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել Շվեյցարիայի դեսպանության և Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանը և Լուկաս Գասսերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության ընթացիկ հարցերի:

Նույն շարքից