Հասարակություն 

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնակատարը վիճաբանել և հարվածել է համալսարանի վարորդին և ազատման դիմում գրել. պարզաբանում

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով այսօր ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային.

«Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ

Սույն հրապարակմամբ  ցանկանում ենք պարզաբանում մտցնել  ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին՝ հատկապես, որ իրողության վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն:

14.05.2018թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդն անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից և այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա:

Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ  իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝  համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը և համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են և հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից:

Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Խառատյանը 18.05.2018թ. ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին:

Միաժամանակ, ներկայումս Ս.Խառատյանի նախաձեռնությամբ,  իր մտերիմների միջոցով  քոլեջի մուտքը փակել են՝  իրեն որպես տնօրեն հետ բերելու պահանջով, ինչի հետևանքով 18.05.2018թ.-ից քոլեջի բնականոն գործունեությունը խաթարվել է:

Ս. Խառատյանը դրսևորել է կրթական հաստատության ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ, ինչի գիտակցումով էլ, հավանաբար, ներկայացրել է ազատման դիմում: Անհասկանալի է այժմ նրա մտերիմների միջոցով իրականացվող բեմականացման պատճառը և այն կեղծ ահազանգերը, որոնցով նրանք դիմում են լրատվամիջոցներին՝ ներկայացնելով իբր թե չգիտեն քոլեջի տնօրենի պաշտոնակատարի ազատման պատճառը:

Որպես կանոն՝ ՀՊՏՀ ղեկավարությունը զուսպ է նման լուրերին արձագանքելու հարցում, այս դեպքում ևս ցանկալի չէր ցավալի միջադեպի հրապարակայնացումը, սակայն, ցանկանում ենք ընդգծել, որ անընդունելի է փաստերի աղավաղմամբ նման ապատեղեկատվության տարածումը քոլեջի տնօրենի պաշտոնակատարի մտերիմների կողմից:

Քոլեջի ղեկավարի հանցավոր արարքի պատճառով հեղինակազրկվում է համալսարանը և քոլեջը, որոնք, որպես կրթական հաստատություն, իսկապես այս ընթացքում լուրջ հաջողություններ են արձանագրել:

Միջադեպի վերաբերյալ ներկայացվածը հավաստելու համար կցում ենք վարորդի բացատրագիրը, պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության տնօրենի նամակը, ինչպես նաև Սերգեյ Խառատյանի դիմումը:

Ի դեպ, ՀՊՏՀ ղեկավարությունը պատրաստվում է սույն նյութերը ներկայացնել ՀՀ ոստիկանություն՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: ՀՊՏՀ ղեկավարությունն այս մասին պատշաճ կարգով կտեղեկացնի նաև ԿԳ նախարարությանը»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    1
    Share

Related Articles