Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Մենք շարունակելու ենք աջակցել և արժևորել ավանդական ազգային ընտանեկան արժեքները. Էդուարդ Շարմազանով

analitik.am

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց, որ ՀՀԿ-ն  լինելու է  կառուցողական ընդդիմություն, բայց կան  մի շարք ծրագրային կետեր, որոնք նույնիսկ քննարկման և սակարկման ենթակա չեն:

Շարմազանովի ելույթն ամբողջությամբ.

«Մեր երկրում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ: Կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն: Հուսով եմ` թե՛ կառավարությունը և թե՛ ընդդիմությունը` այսինքն մենք, կգործենք բացառապես ՀՀ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով: Այո, կա նոր իրողություն. մենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն, արհեստականորեն չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքը, բայց կան  մի շարք ծրագրային կետեր, որոնք նույնիսկ քննարկման և սակարկման ենթակա  չեն մեզ համար, դրանք են.

1. Ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության և այլակարծության զարգացումը: Ակնհայտ է, որ բոլոր թերություններով հանդերձ, մեր կառավարման շրջանում դրանք զարգացել են, և նոր իշխանություններին չէր խանգարի այլակարծության, բազմակարծության և հանդուրժողականության հարցերում ընդօրինակել այդ մոտեցումը: Այլակարծության բացակայությունն ու մերժումը ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա:

2. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը քննարկման ենթակա չէ: Սա ոչ թե տարածքային հակամարտություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ ինքնորոշման իրավունքի և ազատության պայքար, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես Ադրբեջանի հետ հակամարտության կողմ, այլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:

3. Ազգային անվտանգության և բանակաշինության խնդիրներն  առաջնային են մեզ համար: Իմ խորին համոզմամբ, մի կողմից իրական ժողովրդավարական, մյուս կողմից՝ իրական ազգային ավանդական և քրիստոնեական արժեքները ոչ թե հակադրելի են, այլ համադրելի: Մենք շարունակելու ենք աջակցել և արժևորել ավանդական ազգային ընտանեկան արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ միևնույն ժամանակ հարգելով դիմացինի մշակույթն ու ազգային ավանդույթները:

4. Տնտեսության դիվերսիֆիկացում և տնտեսական աճի տեմպերի պահպանում և զարգացում: Հիշեցնեմ, որ մեր կառավարությունը նոր կառավարությանը փոխանցել է առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիր: Եվ ակնկալում ենք նոր կառավարությունից ոչ պակաս քան   նման զարգացման տեմպերի ապահովում:

5. Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին պետք է պահպանվի և խորացվի: Արձանագրենք, որ շատ կարճ ժամանակում նորանշանակ վարչապետը փոխեց և սրբագրեց իր նախկին դիրքորոշումը և ընդունեց, որ այդ կառույցներին անդամակցումը ոչ միայն չի սպառնում մեր անվտանգությանը, ինչպես ինքն էր նշում նախկինում, այլ ընդհակառակը:

Եվ վերջապես, մենք որպես ազգային պահպանողական քաղաքական ուժ, որի համար ազգային ու քրիստոնեական արժեքներն  առանցքային են, շարունակելու ենք գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի`լինելով կառավարության գործընկերը, բայց ոչ երբեք կցորդը»:

 

Նույն շարքից