Հայաստան Քաղաքականություն 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին

analitik.am

Մայիսի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:

Այս մասին Analitik.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ուրախ է հյուրընկալել եղբայրական Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Նախարար Մնացականյանի խոսքերով՝ տարբեր երկրներում իր դիվանագիտական աշխատանքի ընթացքում մշտապես ջերմ ու արդյունավետ համագործակցային հարաբերություններ է ունեցել Կիպրոսի գործընկերների հետ, ինչը գալիս է երկու երկրների ավանդական բարեկամությունից։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կիպրոսի խորհրդարանի նախագահը նշեց, որ այցը Հայաստան շատ հագեցած է և լավ առիթ է քննարկելու երկու եղբայրական երկրների միջև հարաբերություններն առավել ընդլայնելու և զարգացնելու հեռանկարները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ նշելով, որ երկու երկրներին միավորում են բարեկամության և համերաշխության վրա հիմնված ամուր պատմական կապերը:

Զոհրաբ Մնացականյանը և Դեմետրիս Սիլուրիսը գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը և Կիպրոսը հաստատել են ամուր միջպետական կապեր՝ կարևորելով երկկողմ պատրաստակամությունը էլ ավելի խորացնելու գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Հայաստանի արտգործնախարարը և Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ արձանագրեցին, որ միջազգային հարթակներում երկու երկրների միջև հաստատվել է արդյունավետ փոխգործակցություն, և քննարկեցին տարբեր ոլորտներում համագործակցության առավել խթանման հարցեր։

Զոհրաբ Մնացականյանը և Դեմետրիս Սիլուրիսը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

ԱԳ նախարարը Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նույն շարքից