Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Միջազգային անցուդարձ. Օրվա ամփոփում

Analitik.am-ն առանձնացրել է միջազգային լրահոսին վերաբերող կարևոր նորությունները: Ահա, թե ինչ է կատարվել այսօր աշխարհում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց, որ կվերանայի Իսրայելի հետ ունեցած հարաբերությունները. «Մենք կվերանայենք Իսրայելի հետ մեր հարաբերությունները՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում: Առջևում ընտրություններ ունենք, որոնց անցկացումից հետո համապատասխան ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»:

Ամերիկացի կոնգրեսական Թեդ Պոնն էլ  ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելությի ժամանակ բարձրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների՝ Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակման հետաքննության հարցը.

«Անցյալ տարի Էրդողանի թիկնապահները հարձակվել են խաղաղ ամերիկացի ցուցարարների վրա: Նրանցից շատերը ամերիկահայեր էին, որոնք իրականացնում էին խոսքի ազատության իրենց իրավունքը: Էրդողանի թիկնազորի պահվածքը բացարձակապես ընդունելի չէ ամերիկյան հողում և ամերիկացիների համար»,- ասել է նա՝ մտահոգություն հայտնելով, որ   ԱՄՆ արդարադատության նախարարությունը գաղտնի գործարքներ է կնքել Էրդողանի հետ՝ չեղարկելով նրա թիկնապահներից 11-ի դեմ առաջադրված մեղադրանքը:

Այս ընթացքում ամերիկյան Boeing կորպորացիան և թուրքական Uzay Sanayii (TUSAŞ/TAI) ընկերությունը Boeing 737 МАХ ինքնաթիռների համար նախատեսված բարձրության ղեկերի արտադրության վերաբերյալ համաձայնագիր  ստորագրեցին:

«Սպասում ենք, որ TAI-ն գործունեություն կծավալի Եվրոպայում և ԱՄՆ-ում ու համաշխարհային խաղացող կդառնա ավիացիոն արդյունաբերության ոլորտում»,- ասել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմաիլ Դեմիրը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Պեդրո Ագրամունտն այսօր  դուրս եկավ կազմակերպության կազմից՝ իր նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնին:

Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության նախագահ Վլադիմիր Արյովը.
«ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտն ընդհանրապես դուրս է եկել ԵԽԽՎ կազմից, քանի որ նրա նկատմամբ 10-ամյա պատժամիջոցներ են սահմանվել Վարքագծի կանոնակարգի նշանակալի խախտումների համար»,- ասել է  պատգամավորը:

Bloomberg-ն   անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝  «ԱՄՆ-ն ու Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»  հոդվածում:

«Նախորդ շաբաթ Թուրքիան ԱՄՆ-ից ու Իսրայելից հետ կանչեց իր դեսպաններին: Դա արվեց Գազայի հատվածում իսրայելական զինուժի կողմից 60 պաղեստինցու սպանությանն ի պատասխան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսրայելական կողմի գործողություններն անվանեց «ցեղասպանություն», ինչից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր թվիթերյան էջում հայտարարեց, որ «Էրդողանն այն մարդը չէ, ով պետք է իրենց գլխին քարոզ կարդա»,-ասվում է հոդվածում:

Հեղինակը  գրում է, որ Հայոց ցեղասպանությունն Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված պատմական փաստ է. «Թուրքիայի համար Ցեղասպանության ժխտումը քաղաքական գիծ է դարձել: Երբ 2016թ.-ին Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը կրկին բարկացավ. «Միայն նայեք ձեր պատմությանը: Դուք հպարտանում եք, որ մարդկանց ողջ-ողջ այրել եք վառարաններում»: Եվ չնայած սրան՝ արդեն 30 երկիր պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն հետաքրքիր առանձնազրույց ունեցավ  չիլիացի միասեռական կաթոլիկ Խուան Կառլոս Կրուզի հետ՝ աջակցության խոսքեր ասելով նրան:

«Խուան Կառլոս, այն, որ դուք միասեռական եք, նշանակություն չունի: Աստված ստեղծել է ձեզ այդպիսին ու սիրում է ձեզ այդպիսին: Պապը սիրում է ձեզ այդպիսին, և դուք պետք է սիրեք ձեզ ու չանհանգստանաք՝ ինչ են ասում մարդիկ», –  Կրուզը փոխանցել է Հռոմի պապի խոսքերը:

ՌԴ  Սվերդլովսկի մարզում էլ քննարկեցին  պատգամավոր Արմեն Կարապետյանի լիազորությունների վայր դրման հարցը:

«Մինչ ես Հայաստանում էի, գործընկերներս ինքնագլուխ ձևով մանդատի հարցերով հանձնաժողովի նիստ են նշանակել՝ որոշելով, որ ինձ պետք է զրկեն մանդատից: Բայց ինչպե՞ս, այդպես չի լինում: Եթե ընտրողներս այստեղ գային ու ասեին, որ ինձ չեն վստահում, այդ դեպքում առանց որևէ խնդրի, սեփական կամքիս համաձայն դիմում կգրեի: Իսկ այն, ինչ այստեղ է կատարվում, սանձարձակություն է»,-ասել է Կարապետյանը:

Նշվում է, որ օրենսդիրների նման քայլը պայմանավորված է այն փաստով, որ եկամտի մասին հայտարարագրում Կարապետյանը չի նշել երկու երեխայի անունով գրանցված ունեցվածքի մասին:

Մոսկվայի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ներկայացրած փաստաթղթից էլ իմացանք, որ ՌՌԴ-ն  մտադիր է 537,6 մլն դոլարի մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 3,16 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար:

Ինչպես տեղեկացանք ռուսական ԶԼՄ-ներից, սա  կարող է պատասխան քայլ լինել մարտի վերջին Վաշինգտոնի կողմից պողպատի ու ալյումինի ներկրման համար համապատասխանաբար  25%  և,10% մաքսատուրքի սահմանմանը:

Օրվա հետաքրքիր լուր կարելի է համարել այն, որ ռուսական էստրադայի ներկայացուցիչ ադրբեջանցի Էմին Աղալարովը հայտարարեց, որ  Թրամփը համաձայնել է մասնակցել իր Got Me Good երգի տեսահոլովակի  նկարահանումներին:

«Բայց նա մի հարց տվեց՝ դա որքա՞ն ժամանակ կտևի: Ես հասկացա, որ եթե ասեմ 10 րոպեից ավելի, նա կմերժի»,-ասել  է Աղալարովը: Նա նշել է, որ Թրամփի մասնակցությամբ տեսարանը նկարահանվել է 10 րոպեից էլ քիչ ժամանակում:

Նշենք, որ Թրամփը նկարահանվել էր Էմին Աղալարովի մեկ այլ տեսահոլովակում:

  • 6
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    6
    Shares

Related Articles