Արդեն 7 ամիս է, ինչ «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական տեսաֆիլմը հասանելի է Youtube կայքում: Տեսաֆիլմի հայերեն տարբերակն ունի շուրջ 120 հազար դիտում: Այն պատրաստվել է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) կողմից՝ բացառապես կամավորական ջանքերով, իսկ բոլոր նկարահանումները կատարվել են սիրողական տեսախցիկներով: Կարճ ժամանակում ՀԲՃ անդամների և համախոհների աշխատանքի շնորհիվ տեսաֆիլմը թարգմանվեց նաև անգլերեն ("Armenia's Breaking Backbone": https://www.youtube.com/watch?v=eyRdxRT2v5Y):
Մեծ ուրախությամբ նշում ենք, որ նույնիսկ ամիսներ անց չի մարում հետաքրքրությունը տեսաֆիլմի նկատմամբ. այստեղ հնչող բնապահպանական աղետի ահազանգը շարունակում է հուզել թե´ մեր հայրենակիցներին, թե´ օտարազգիներին, որոնցից շատերն իրենց լուման արդեն ներդրել են՝ ավելի մեծ թվով մարդկանց իրազեկելու խնդիրը լուծելու համար: Մի խումբ երիտասարդների կամավորական աշխատանքի շնորհիվ այսօր «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմն արդեն հասանելի է ռուսերեն և ֆրանսերեն ենթագրերով, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: