Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ես տեղյակ չեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Արարատ Միրզոյան

analitik.am

«Մենք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն տեսնում ենք»,-մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ նախագիծը՝ սեղանին լինելուց հետո խնդիր կա այն համաձայնեցնելու, սուր անկյունները հարթելու մասով, որպեսզի այն լինի տարբերակ, որն ընդունելի կլինի բոլորի համար, կամ Ազգային ժողովում անհրաժեշտ թվով ձայներ կստանա:
Խոսելով կառավարության ծրագրի մասին՝ Միրզոյանն ասաց, որ իրենք շատ հավակնոտ ցուցանիշներ են դնելու տարբեր ոլորտներում, սակայն այն չի արտահայտվելու զուտ թվի տեսքով. «Մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել ինչ-որ ֆանտաստիկ թվերի աճերի, որը կարծես թե քաղաքացիները չեն զգացել: Մենք այդպիսի խնդիր չունենք: Միևնույն ժամանակ ես ընդունում եմ, որ կառավարության ծրագիրը լինելու է շատ հավակնոտ»:

Միրզոյանը խոսեց նաև այս օրերին ընթացող անհնազանդության ակցիաների և Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին: ՀՀ առաջին փոխվարչապետն ասաց, որ տեղյակ չէ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, դրա համար չի մեկնաբանի այն, այլ կասի իր կարծիքը. «Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում տարբեր հարցերում այնպիսի դժգոհություն է կուտակվել, որ հիմա այդ ամեն ինչը դուրս գալու խնդիր ունի, մանավանդ մարդիկ՝ Աշոցքից մինչև Մեղրի, տեսել են, որ հարցերը լուծելու ժամանակն է, տեսել են, որ հնարավորություն կա հարցերը ողջ սրությամբ գործադիրի առջև դնելու համար՝ նաև փողոցներ փակելով, և փորձում են հետամուտ լինել իրենց խնդիրների լուծմանը: Սա վերաբերում է այն բողոքներին, որոնք այլ ենթատեսքտ չունեն»:

Միրզոյանը չբացառեց, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ակցիաների մեթոդը կփորձեն անել այլ ուժերի հրահրամամբ՝ սակայն նշելով, որ բավարար չափով տեղեկություններ չունի նման պնդումներ անելու համար:

 

Նույն շարքից