Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկ եմ ներկայացրել. Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով:

Մանե Թանդիլյանի գրառումն ամբողջությամբ.

«Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով՝ Կառավարության քննարկմանն եմ ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել եմ սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը: Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը:

Ընդհանրապես, նոր կառավարությունը զերծ է մնալու նախորդ կառավարությունների արատավոր աշխատաոճից, երբ օրենքներում պարբերաբար կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնց մի մասը բավականին մեծ արագությամբ: Այս ամենը միշտ խորացրել է անվստահության մթնոլորտը, որը առկա է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Մի քանի հարյուր հազար քաղաքացիներին վերաբերվող օրենքը պետք է լինի այնպիսին, որ ապահովի երկարաժամկետ վստահությունը: Ոչ միայն սոցիալական վճարի վճարումը, այլ նաև ՀՀ քաղաքացու կողմից վճարվող յուրաքանչյուր դրամի արդյունավետ օգտագործման նկատմամբ վստահությունը պետք է դառնա նոր կառավարության գլխավոր առաքելություններից մեկը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետագա փոփոխությունների քննարկումները կլինեն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ակտիվ մասնակցությամբ և համոզված եմ, որ առաջիկայում կունենանք ամբողջական և արդյունավետ լուծում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում կներկայացնի առաջարկներ ապագա քննարկումների ժամանակ, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»:

 

  • 10
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
    15
    Shares

Related Articles