Հասարակություն 

Մի քանի հարյուր դավթաշենցիներ այսօր մեծ բողոքի ակցիա են կազմակերպելու /լուսանկարներ/

Նամակին կից ուղարկում եմ ստորագրահավաքի ստացական փաստաթղթերը, որ դիմել ենք Քաղաքապետարան և մի քանի 100 բնակիչների բողոքի ցույցի մանրամասները, որը տեղի է ունենալու 25.05.2018թ.:

Հյուսիս-Հարավ ճանապարհի տուժածները:

Հարգելի Գործընկերներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ 25.05.2018թ. ժամը 11:00-ին Դավիթաշեն 2-րդ փողոցում տեղի է ունենալու բողոքի ակցիա, Հյուսիս-Հարավ մայրուղու Տրանշ 2 նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի պատճառով առաջացած անհարմարությունների վերաբերյալ, որին մասնակցելու են Դավիթաշեն համայնքի մի քանի հարյուր բնակիչներ, և նրանք պատրաստվում են խոչընդոտել շինարարական աշխատանքները ի բողոք վերը նշված խնդիրների չլուծմանը, փակելով նոր կառուցվող ճանապարհը:

Կատարվել է ստորագրահավաք, որին մասնակցել է ավելի քան 150 բնակիչ և այդ ամենը փոխանցվել է Քաղաքապետարան՝ ԾԻԳ, սակայն պատասխանը եկել է բացասական: Պարոն Փաշինյանը տեղեկացրել էր, որ մինչ բողոքի գործողություններ սկսելը դիմել համապատասխան վայր: Դիմելով Քաղաքապետարան ստացանք բացասական պատասխան:
Բնակիչների պահանջներն են՝

1. Նոր կառուցվող մայրուղու Դավթաշեն համայնքի՝ դեպի նշյալ մայրուղի մուտքի և ելքի լուծումները խնդրահարույց են: Լինելով Դավթաշեն համայնքի բնակիչներ, անհարմարությունների ենք հանդիպելու, քանի որ առաջարկված երթևեկության կազմակերպման լուծումների պատճառով բավականին տարածք և ռեսուրսներ ենք ծախսելու, որպեսզի տրանսպորտային միջոցով կարողանամ դուրս գալ նոր կառուցվող մայրուղի: Դավթաշեն 2-րդ փողոցը դառնում է փակուղի, որը խնդիրների առաջ է կանգնեցնում բնակիչներին, ինչը կարելի է վերացնել ընդամենը Դավթաշեն 2-րդ փողոցից մուտք տալով դեպի նոր կառուցվող ճանապարհ: Պահանջում ենք տրամադրել տրասնպորտային ճանապարհ Դավթաշեն 2-րդ փողոցից դեպի նոր կառուցվող մայրուղի, ճանապարհը լինի ինչպես մուտքային, այնպես էլ ելքային:

2. Դավթաշեն (գյուղ) համայնքի բնակչությունը ստիպված է ավելի քան 1կմ քայլել, որպեսզի հասնի հանրային տրանսպորտի կայանատեղին: Շինարարական աշխատանքները սկսելուն պես (6 ամիս)այլևս Դավթաշեն (գյուղ) հանրային տրանսպորտ չի մտնում, միայն աշխատում է 69 համարի միկրոավտոբուսը, որը միայնակ չի կարող բավարարել ամբողջ բնակչության տրանսպորտային պահանջները: Պահանջում ենք վերականգնել նախկինում գործող հանրային տրանսպորտի բոլոր ուղությունները, որոնք սպասարկում էին տվյալ համայնքին:

3. Շինարարական աշխատանքների և կառուցվող ճանապարհի հետևանքով փակվում է Դավթաշեն 3-րդ փողոցից դեպի Հալաբյան փողոց մուտքը: 3-րդ փողոցը դառնում է միայն աջակողմյան և ըստ շինարարական նախագծի դեպի Հալաբյան փողոց մուտք գործելու համար պետք է վարել գրեթե 0.5կմ, ապա շրջադարձ կատարել, կրկին վարել 0.5կմ հակառակ ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի մուտք գործել Հալաբյան փողոց: Պահանջում եմ տրամադրել նոր ճանապարհ Դավթաշեն 2-րդ կամ 3-րդ փողոցներից դեպի Հալաբյան փողոց: Ինչու եմ նաև շեշտում 2-րդ փողոցը, քանի որ 2-րդ փողոցը Դավթաշեն (գյուղ) համայնքի կենտրոնական փողոցն է աշխարհագրական դիրքով և բոլոր բնակիչներին հարմար կլինի:

Համլետ Պողոսյան

Նույն շարքից