Հայաստան Քաղաքական գլխավոր 

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հանրապետականը կարող է համաձայնվել արտահերթ ընտրություններ անցկացնել

Այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում լրագողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե իր կուսակցությունը մասնակցում է արդյո՞ք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար սկսված գործընթացին և հարցին, թե ի՞նչ շեշտադրումներ ունեն իրենք, ասաց, թե գիտի, որ հարցով զբաղվում է Դանիել Իոնիսյանը, սակայն չգիտի, թե ովքեր կան այդ թիմում՝ հավելելով, որ այսօր խոսելու է վերջինիս հետ:

Մարուքյանը նշեց, որ ԸՕ-ի թեմայով խոսել է վարչապետի հետ, ներկայացրել է իրենց մոտեցումները, որոնք նորություն չեն, իսկ երբ լինի հանդիպում, հնարավոր կլինի ավելի առարկայական քննարկել. «Առաջնային հարցը, որ մենք միշտ թիրախավորել ենք, տարածքային ռեյտինգային համակարգն է, որը պետք է հանվի, ընտրողների ցուցակների հարցն է, որը դեռ մաքրելու տեղ ունի, ընտրողների նույնականացման համակարգի ներդրումը, որը տեխնիկական շատ բարդ խնդիր է և պահանջում է ֆինանսական ռեսուրսներ ու ժամանակ»:

Մարուքյանի կարծիքով, պետք է անդրադառնալ նաև քրեական օրենսգրքին, կուսակցությունների մասին օրենքին՝ անելով այնպես, որ Հայաստանում կուսակցությունների ֆինասնավորումը չլինի տաբու, ստվերային, միայն իշխանական կուսակցությունները չֆինանսավորվեն, գործարարները կարողանան աջակցեն կուսակցությանը, որի գաղափարներին հարում է և ցանկանում է աջակցել. «Դա կբերի քաղաքական համակարգի առողջացման, կուսակցություների ֆինասնական վիճակի կայունացման, ինչի արդյունքում կիմանանք, թե որ ուժերն ինչ ուժերի շահեր են ներկայացնում, ինչն աշխարհում նորմալ է ընկալվում»:

Պատգամավորի խոսքերով, պետք է ունենալ այնպիսի ԸՕ, որ բոլորը հնարավորություն ունենան ակտիվ կամ պասիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին:

Հարցին, թե իրատեսական համարում է արդյո՞ք ինքը աշնանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, Մարուքյանն ասաց, որ պետք է լայն բանակցությունների միջոցով ունենալ մեխանիզմ գործող խորհրդարանը ցրելու համար, ինչից հետո կլինեն արտահերթ ընտրություններ. «Մինչ այդ կոնսուլացիաների և բանակցությունների ընթացքում պետք է հնարավորություն ունենանք ընդունել ԸՕ-ն: Մեզ պետք է լայն քաղաքական կոնսոլիդացիա և կոնսենսուս: Երբ լինեն բանակցությունները, կոնսուլտացիաները, ՀՀԿ-ն կարող է համաձայնվել, այդ դեպքում աշնանը կարող են լինել արտահերթ ընտրությունները»:

Նույն շարքից