«Պարոն Պողոսյանն իրավաբան է, շատ լավ գիտի ՀՀ օրենսդրությունը և եթե վենդետայի խնդիր լինի, սահմանված ընթացկարգերով կարող են ընթացք տալ»,-այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էմդոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարությանը, ով իր օգնականին կալանավորելը համարել էր վենդետա:
Մարուքյանի խոսքերով, Գլխավոր դատախազը ՀՀԿ-ի կողմից ներկայացված և ընտրված պաշտոնյա է, ՔԿ նախագահը երկար տարիներ ՀՀԿ-ի օրոք եղել է Գլխավոր դատախազ, ՀՔԾ ղեկավարի մասին կարելի է ասել նույնը, հետևաբար, եթե ինչ-որ խնդիր լինի, այդ մարմինները կգործեն. «Ոստիկանությունը հայտնել են, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների դեպքերով ուսումասիրություն է իրականացվում, տեսանյութերը կան, ուսումնասիրում են ու եթե ինչ-որ մեկին նույնականացնում են, նրանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում: Հետո պարզվում է, որ այդ մարդն եսիմ ում եղբայրն է կամ օգնականը: Բնականաբար դա անձնավորված չէ: Բոլորն օրենքի առջև հավասար են»:
Մարուքյանը խոսեց նաև Հանրապետականների քննադատությունների մասին՝ կապված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խորհուրդների հետ, ով բացատրել էր, թե ուսուցիչները ինչպես կարող են լքել ՀՀԿ-ն: Մարուքյանի խոսքերով, դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր իրենց կամքին հակառակ են անդամակցել կուսակցությանը, իսկ եթե լինեն ուսուցիչներ, որոնց հիմա կստիպեն դուրս գալ ՀՀԿ-ից կամ որևէ այլ կուսակցությունից, ինքն անձամբ պատրաստ է դատապարտել դա: