«Մենք պատասխանատվություն ենք կրելու կառավարության ծրագրի համար, որը գալու է խորհրդարան և որին կողմ ենք քննարկելու»,-այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի խոսքերով, պետք չէ սպասել, որ կառավարությունը կձախողվի, որից հետո կսկսենք մեղավորներ փնտրել, այլ պետք է աջակցել կառավարությանը, քանի որ ձախողումը, որը չի լինելու, եթե լինի, լինելու է Հայաստանի ձախողումը:
Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի հարցին, Մարուքյանն ասաց, որ այն դեռ չի քննարկվել, սպասում են Արամ Սարգսյանին. «Հուսով եմ, որ մյուս շաբաթ կարող ենք հավաքվել և, ինչպես միշտ, հուշագրի հիման վրա, կոնսենսուսով որոշում կայացնել»:
Մարուքյանն ասաց, որ խմբակցության ղեկավարի մասով իր թեկնածությունը ևս քննարկվում է, կան այլ թեկնածուներ ևս:
Խոսելով այն մասին, որ ՀՀԿ-ն արտահեթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում՝ Մարուքյանն ասաց, որ զարմանալ պետք չէ, քանի որ հանրապետականները հասկանում են, որ այդ ընտրությունների արդյունքում ավելի քիչ մանդատ կարող են ունենալ: