Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Բաց ենք քննարկումների համար. Վահրամ Բաղդասարյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

analitik.am

Այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ԸՕ-ի փոփոխությունների մասին, ասաց, որ 2017 թվականի ընտրություններից առաջ իրենք իրենց բոլոր առաջարկությունները ներկայացրել են և այդ ԸՕ-ն ընդունվել է կոնսենսուսով, որից հետո եղել են ընտրություններ, որոնք միջազգային կառույցների կողմից դրական է գնահատվել. «Հիմա առաջարկություններ չունենք, սակայն մենք բաց ենք քննարկումների համար»:

Հարցին, թե հնարավորություն ինքը տեսնում է արդյո՞ք աշնանն արտահեթ ընտրություններ անցկացնելու համար, Բաղդասարյանն ասաց, որ իրենք առայժմ պատրաստվում են 2022 թվականին կայանալիք ընտրություններին՝ հավելելով, որ իրենք շարժվելու են բացառապես սահմանադրական ճանապարհով:

Բաղդասարյանը նաև նշեց, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում. «Մենք պարզ հայտարարել ենք, որ խոչընդոտ չենք հանդիսանալու ներկայիս կառավարությանը, օժանդակելու ենք, ընդառաջելու ենք այն ծրագրերի իրականացմանը, որը ուղղված է մեր երկրի առաջընթացին, զարգացմանը: Այս պարգայում չեմ հասկանում, թե ինչ անհրաժեշտություն կա արտահերթ ընտրությունների»:

Կառավարության կազմի մասով Բաղդասարյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց՝ նշելով, որ հնարավորություն պետք է տալ այդ մարդկանց աշխատել և հավելելով, որ իրենց մտավախությունները դեռ չեն փարատվել:

 

 

Նույն շարքից