ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ՖԲ էջում գրում է.
«1995թ-ից սկսած, երբ ստեղծեցինք «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, տարիներ շարունակ գործունեություն ենք ծավալել մտավոր, ֆիզիկական, լսողական, հաղորդակցման և այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնողական ծառայությունների և հասարակության մեջ ինտեգրման բարեգործական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
2015թ-ին «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին Լոս Անջելեսի Քավուկջյան ընտանիքի ջանքերով հաջողվեց համաձայնության գալ լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան հանրահայտ Սթարքի (Starkey) հիմնադրամի հետ՝ բարեգործական առաքելություն իրականացնել Հայաստանում՝ կարիքավոր անձանց ապահովելու լսողական սարքերով: Ծրագրի հիմնական թիրախ են հանդիսանում սոցիալապես անապահով և խոցելի խմբերը:
Սթարքի ընկերությունն ու Սթարքի հիմնադրամը այդ առաքելությունն իրականացրել են աշխարհի 106 երկրներում, որոնցից 60-ում այն կրում է շարունակական բնույթ: 2017թ. առաքելությունը մեծ հաջողությամբ իրականացվեց նաև Հայաստանում, որի արդյունքում 1800-ից ավել շահառուներ ապահովվեցին լսողական սարքերով և այն դարձավ շարունակական և կայուն ծրագիր:
Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ այսօր, 2018թ. մայիսի 27-ին, Երևանում կրկին իրականացվեց հերթական առաքելությունը, իսկ մայիսի 28-ին և 29-ին՝ կիրականացվի Ծաղկաձորում, որի շրջանակներում մոտ 1500 հոգու Երևանից և ՀՀ մարզերից անվճար կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝ գրանցում, ականջի և լսողության հետազոտում, ականջի ներդիրների և լսողական սարքերի տրամադրում, մարտկոցների ապահովում, խորհրդատվություն և այլն:

Ստարքիի այս տարվա առաքելությանն աջակցել են՝
- ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Էլթոն Ջոնի հիմնադրամ
- Հայաստանի լսողության հիմնադրամ
- Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմ
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
- Ստարկի լսողական տեխնոլոգիաներ – Մեծ Բրիտանիա»: