«Չեն լինելու նախկին արատավոր երևույթները: Իմ հարազատները, ընկերները չեն լինելու արտոնյալներ, այնպես որ բոլորին խնդրում եմ որևիցե առիթ ման չգալ այս կամ այն տեղում տեղավորվելու համար»,-այսօր՝ մայիսի 28-ին, լրագողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Սանասարյանը նշեց, որ կառավարությունը և հարակից կառույցները լինելու են առողջ, չեն լինելու ինչ-որ մեկի «դաբռոյով» նշանակումներ:
Հարցին, թե առաջին արդյունքները երբ կլինեն, Սանասարյանն ասաց, որ առաջիկայում ասուլիս է հրավիրելու և ներկայացնելու առաջիկա անելիքների մասին:
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ կառույցներում են առաջին գործողությունները կատարվելու, Սանասարյանն ասաց. «Ես կարող եմ ասել, որ առաջին քայլերը լինելու են պետական համալսարանում և այլ բուհերում, բայց չեմ ասի, թե որն է լինելու առաջինը: Այս ամենը մենք որոշելու ենք վարչապետի հետ միասին»: