Քայլերը լինելու են մշտապես և հետևողական: Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ բոլոր ապօրինի հարստացածները և առհասարակ օրենք խախտողները ենթարկվելու են պատասխանատվության. «Բոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և առհասարակ օրինախախտները պատժվելու են»:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ հարցաքննվի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԱԾ տնօրենն ասաց, որ նախաքննություն է ընթանում, և ամեն ինչ հնարավոր է:
Վանեցյանը կոչ արեց մի քիչ սպասել և արդյունքները կհրապարակվեն՝ նշելով, որ իրենք փոխել են իրենց աշխատելաոճը և հրապարակային են աշխատում. «Խնդրում եմ մի քիչ համբերեք, առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ»:
Վանեցյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարություններն առ այն, որ ԱԱԾ տնօրենը շտապել է՝ նշելով, որ իրենք իրենց աշխատանքով ցույց են տալիս, թե ինչ են անում, և առաջին քայլերին հանրությունն արդեն ականատես է եղել: