Սասուն Միքայելյանը մնալու է Ազգային ժողովում: Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորը, պատասխանելով հարցին, որ հնարավոր է արդյո՞ք ինքը նշանակվի Կոտայքի մարզպետ, նշեց, որ մնալու է խորհրդարանում:
Հարցին, թե առաջարկե՞լ են իրեն այդ պաշտոնը, ասաց, որ ինքը փակ մարդ է:
ԵԼՔ խմբակցության պատգամավորն ասաց, որ մնում է Ազգային ժողովում, քանի որ նպատակ կա նորմալ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ նշելով, որ այդ ընտրությունները պետք է լինեն այս տարվա մեջ:
Միքայելյանի խոսքերով, գործող խորհրդարանը ոչ լեգիտիմ է, և ՀՀԿ-ն պետք է գիտակցի դա. «Մենք պետք է կարողանանք նորմալ ընտրություններ անցկացնել , որպեսզի ժողովուրդը կարողանա նորմալ Ազգային ժողով ընտրել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մինչև ընտրությունները պետք է փոփոխություններ կատարվեն ԸՕ-ում: