Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե Աստանա կատարած այցի ժամանակ մտավախություններ չուներ արդյո՞ք՝ կապված այն բանի հետ, որ նախկինում իր գործունեության ընթացքում քննադատել է ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքականությունը, ասաց, որ այցից առաջ մտավախություններ ունեցել է, սակայն այցը շատ դրական է գնահատում, ջերմություն է զգացել այն քաղաքական գործիչների կողմից, ում հետ հանդիպել է. «Աստանա կատարած այցը շատ բարձր եմ գնահատում: Ի դեպ, երկկողմ հանդիպում եմ ունեցել նաև Պատրուշևի հետ, ով շնորհավորել է ինձ և շատ ջերմ զրույց ենք ունեցել, որտեղ քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունները, առկա լավ կողմերը և դրանց զարգացմանը վերաբերող հարցեր»:
Հարցին, թե ռուսական կողմի զենքի վաճառքի մասին խոսվել է արդյո՞ք, Գրիգորյանը նշեց, որ նման հարց չի քննարկվել՝ հավելելով, որ նման հարց առհասարակ չի բարձրացվել, բայց պատրաստվում է դա անել. «Այս այցն ավելի շատ ճանաչողական էր՝ և ինձ համար, և նրանց: Դրա համար գոյություն ունեցող խնդիրների մասին չենք խոսել»: