Հայաստան Քաղաքական 

Կյանքը, Նիկոլ Փաշինյանի գործողություները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում. Արծվիկ Մինասյան

Այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին, թե որ նախարարությունում է իրեն ավելի լավ զգում, ասաց, որ Բնապահպանության նախարարությունում աշխատանքն իրեն տվել է մեծ հնարավորություն, փորձառություն. «Հայաստանի տնտեսական զարգացումն առանց շրջակա միջավայրի պատշաճ պահպանման անհնար է»:

Պատասխանելով դիտարկմանը, թե քննադատություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ երիտասարդ է և տապալվելու հավանականություն կա՝ Մինասյանն ասաց, որ ինքը նման մտավախություն չունի. «Զգուշավորություն պետք է, բայց մտավախություն չկա, որովհետև ցանկացած լավ նախաձեռնություն պետք է համարձակ մտքեր ունենա: Մենք ունենալու ենք հաջողություն: Որևէ մեկը չի ծնվել նախարար կամ կառավարման հմտություններով: Շատ կարևոր է, որ արագ և մեր սկզբունքներին համահունչ առաջ գնանք»:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ դաշնակցական նախարարը նշեց, որ բոլոր դեպքերում այդ ընտրությունները լինելու են. «Շատ կարևոր է, որ մենք որպես պետություն, որպես երկիր պատրաստ լինենք դրան, որովհետև ընտրական համակարգը պետք է փոփոխության ենթարկվի, որպեսզի հասարակության վստահությունն ավելի բարձր լինի: Այն, որ այսօրվա խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը չի համապատասխանում մեր իրողություններին, փաստ է»:

Իր խոսքի վերջում Մինասյանը նշեց, թե կյանքը, Նիկոլ Փաշինյանի գործողություները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում՝ հավելելով, որ ՀՅԴ-ն միշտ պատրաստ է ընտրություններին:

 

 

Նույն շարքից