Հասարակություն Ֆեյսբուք 

Նախկին տնօրենը հերքում է, որ ծեծել է պրոռեկտորի վարորդին

analitik.am

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ ընկերներ, ՀՊՏՀ-ի պաշտոնեական կայքէջում 27.05.2018թ-ին հրապարակված և հետագայում շատ արագ հանված տեսագրությունների և հայտարարության կապակցությամբ Ձեզ եմ ներկայացնում դեպքերի իրական և ամբողջական ընթացքը՝ հնարավորություն ընձեռելով բոլորիդ ճիշտ գնահատելու տեղի ունեցած միջադեպը:

2017 թվականի հունիսից աշխատել եմ ՀՊՏՀ-ի ֆինանսատնտեսագիտական քոլեջում, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2018 թվականի մայիսի 15-ին նշանակված էր քննություն, որի դրական հանձնելու դեպքում, պետք է հետևեր այդ պաշտոնին իմ վերջնական նշանակումը:

Քննությունիցս մեկ օր առաջ՝ 2018 թվականի մայիսի 14-ին, ժամը 11։00-12։00-ի սահմաններում, ՀՊՏՀ-ի պրոռեկտորներից մեկի վարորդ՝ Միհրան Պապիկյանը, այն պահին դեռ իմ համար անհասկանալի դրդապատճառներով, ֆինանսատնտեսագիտական քոլեջի տարածքում դրսևորեց ոչ պարկեշտ պահվածք, խախտեց քոլեջում ընդունված կարգուկանոնը, վտանգելով ուսանողների անվտանգությունը և ուսումնական հաստատության բնականոն աշխատանքը:

Ցանկանալով պարզել նրա այդ անտրամաբանական և տարօրինակ պահվածքի պատճառները՝ որոշեցի գնալ համալսարան՝ պրոռեկտորին հանդիպելու համար։ Համալսարանի մուտքի մոտ տեսնելով Պապիկյանին՝ նրանից պահանջեցի ինձ հետ միասին բարձրանալ պրոռեկտորի մոտ և բացատրել իր գործողությունները, որից հետո նա իմ հասցեին սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, ինչի ազդեցության տակ ես նրան մեկ անգամ ապտակեցի, ինչն էլ պատկերված է ՀՊՏՀ-ի կողմից հրապարակված տեսագրությունում։

Համալսարանի հայտարարություններն այն մասին, թե իբր ես համալսարանի տարածքում և այլ վայրերում ծեծի եմ ենթարկել Միհրան Պապիկյանին, չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես հայտարարության մեջ նշված է, թե իբր ես քաշելով և ծեծի ենթարկելով Պապիկյանին տանում եմ դեպի ուսխորհուրդ, այնինչ համալսարանի այն աստիճանները, որոնց վրա իբրև թե ես ծեծի եմ ենթարկել վերջինիս, տեսանկարահանվում են, և այդպիսի բռնության դրվագներ լինելու դեպքում դրանք անպայման կհրապարակվեին, որը, սակայն, չի կատարվել հասկանալի պատճառներով:

Ցանկանում եմ հայտնել, որ այս դեպքերի հաջորդ օրը ներկայացել եմ քննության, գերազանց այն հանձնել և այդ ուրախալի լուրը ռեկտորին հայտնելու նպատակով գնացել եմ վերջինիս աշխատասենյակ։

Սակայն, իմ համար երկրորդ անակնկալն է տեղի ունենում։ Նա, լսելով, որ ես բարեհաջող հանձնել եմ քննությունս, տրամադրությունը գցեց և չբացահայտելով պատճառներն ասաց, որ ինձ չի պատրաստվում նշանակել տնօրենի պաշտոնում, հորդորելով աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել:

Քանի որ ինձ համար նման հայտարարությունը շատ անսպասելի և տարօրինակ էր, ես խնդրեցի ինձ ժամանակ տրամադրել մտածելու և որոշում կայացնելու համար: Այնուհետև՝ արդեն մայիսի 16-ին, ռեկտորն ինձ կրկին հրավիրեց իր մոտ և ներկայացրեց համալսարանի անվտանգության ծառայության արդեն հանրությանը հայտնի զեկուցագիրը, պահանջելով ինձանից անհապաղ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, հակառակ դեպքում սպառնալով ընթացք տալ այդ զեկուցագրին:

Ես հայտնեցի, որ զեկուցագրում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և հրաժարվեցի կատարել նրա ապօրինի պահանջը: Սակայն, հետագայում, հիասթափվելով և հասկանալով, որ մեր միասին աշխատելը չի ստացվելու, ես մայիսի 18-ին ներկայացրել եմ աշխատանքից ազատվելու դիմումը, որի արդյունքում ռեկտորը անմիջապես ստորագրել է ինձ ազատելու հրամանը։

2018 թվականի մայիսի 21-ին համացանցով տեսնելով, որ ռեկտորը գնացել է քոլեջ՝ ուսանողների հետ հանդիպման, որի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել իմ ազատվելու պատճառների մասին, գնացի քոլեջ, հանդիպեցի այնտեղ ռեկտորին և խնդրեցի պարզաբանել ուսանողներին ապատեղեկատվություն հայտնելու պատճառները, սակայն նա որևէ պարզաբանում չտվեց, փոխարենը պահանջեց դադարեցնել դասադուլը և գործադուլը՝ կրկին անգամ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել և պաշտոնեական ընթացք տալ անվտանգության ծառայության զեկուցագրին։ Ես նրան պարզաբանեցի, որ չեմ վախենում իր սպառնալիքներից, քանի որ անմեղ եմ, իսկ ինչ վերաբերում է դասադուլն ու գործադուլը դադարեցնելուն, հայտնեցի, որ ես չեմ նախաձեռնել այդ գործողությունները, ուստի իմ ուժերից վեր է այդ ամենը դադարեցնելը։

Արդեն մայիսի 22-ին ՀՊՏՀ-ի պաշտոնեական կայքէջում տեղադրվեց համապատասխան հայտարարությունը և հրապարակվեց անվտանգության ծառայության զեկուցագիրը։
Ահա համառոտ, թե ինչ է տեղի ունեցել հարգելի ուսանողներ և գործընկերներ, մնացածը թողնում եմ Ձեր արդար դատին»:

Նույն շարքից