Արդեն հայտնել ենք այն մասին, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպում է իր հրաժարականը պահանջող ուսանողների հետ: Քիչ առաջ ակցիայի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանը կոչ արեց բոլոր ուսանողներին միանալ իրենց և չհեռանալ համալսարանի դահլիճից, որտեղ տեղի է ունենում հանդիպումը, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել: Ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը, անցկացնել աուդիտ և լուծարել հոգաբարձուների խորհուրդը:
Ռեկտոր Սիմոնյանի խոսքերով սա բացահայտ ճնշում է և չի համապատասխանում կառուցողական բանակցությունների սկզբունքին:
Ռեկտորը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ և փորձեց դուրս գալ դահլիճից, սակայն մի քանի ուսանող պառկել են դռան մոտ և թույլ չեն տալիս ռեկտորին դուրս գալ:
15:03
Ուսանողները որոշեցին թույլ տալ ռեկտորին դուրս գալ դահլիճից: Ռեկտորի խոսքերով, իր նկատմամբ բռնություն է գործադրվել է. «Սա դեմոկրատիա չէ, սա հաշվեհարդար է, այդ թվում նաև քաղաքական կուսակցության պատկանելու, գաղափարների համար: Ես կարող եմ ինձ համարել քաղաքական հայացքների համար հալածվող մարդ»: