ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել այն, որ խմբակցության անդամ Արթուր Գևորգյանը որոշել է լքել կուսակցությունն ու խմբակցությունը:
Այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀԿ խոսնակը նշեց, որ քաղաքական գործընթացներում առաջին դեպքը չէ, որ մարդիկ գալիս են ու գնում. «Նրա որոշումն է: Հաշվի առնելով գործընկերային հարաբերությունները՝ գնահատական չեմ տալիս: Կարծում եմ, որ խմբակցությունը գնահատական կտա»:
Ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին, Շարմազանովն ասաց, որ այդ մասով խմբակցության նիստ է եղել և նաև խմբակցության որոշմամբ նա դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից:
Հարցին, թե ՀՀԿ-ն էլի լքողներ կլինե՞ն, Շարմազանովն ասաց, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և առնվազն վերջի 26 տարին ցույց է տալիս, որ կուսակցություն գալիս են, գնում են: Շարմազանովը նշեց, որ չի ցանկանում կանխատեսումներ անել, իսկ ինքն իր ապագան տեսնում է Հանրապետական կուսակցությունում: