Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանում մեկնարկում է զարկերակային գերճնշման սքրինինգի մեկամսյակը

analitik.am

Հանրապետությունում 2018թ. մայիսի 28-ից հունիսի 28-ը ներառյալ կիրականացվի զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման ու արդյունավետ կանխարգելման սքրինինգային ծրագիր: Այս ընթացքում նախատեսվում է զարկերակային ճնշման չափումներ իրականացնել (նաև հասարակական վայրերում) նվազագույնը 30 հազար անձանց մոտ:

Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ այսպիսով նախատեսում են իրականացնել զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված ակցիա:

Սա Հայաստանի համար բացառիկ միջոցառում է և կարևորվում է այն առումով, որ սրտանոթային հիվանդացության և մահացության ամենատարածված և լրջագույն ռիսկի գործոնի՝ զարկերակային գերճշման վաղ հայտնաբերման ու արդյունավետ բուժման արդյունքում հնարավոր է պահպանել առողջությունը, նվազեցնել սրտանոթային պատահարները և ապրել երկար ու լիարժեք կյանքով:

Ակցիան իրականացվում է աշխարհի շուրջ 100 երկրում, որով 1 ամսվա ընթացքում նախատեսված է 25 միլիոն անձանց մոտ իրականացնել զարկերակային ճնշման չափում՝ դրանով իսկ նպաստելով դրա հետեւանքով հնարավոր հիվանդությունների կանխարգելմանն ու մարդկանց իրազեկման մակարդակի բարձրացմանը:

Միջոցառման արդյունավետ իրականացման համար ստեղծվել է www.sirt.am կայքը, որտեղ անանուն և կամավոր կերպով ներմուծվելու են սքրինինգային հետազո-տության մասնակիցների զարկերակային ճնշման տվյալները, կստեղծվի տվյալների շտեմարան, որն էլ հնարավորություն կընձեռի գնահատել զարկերակային գերճնշման տարածվածությունն ու հսկման արդյունավետությունը Հայաստանում: Կայքում զետեղված են նաև զարկերակային ճնշման ճշգրիտ չափման կանոններն ու գերճնշման կանխարգելման կենսակերպային մոտեցումները:

Ակնկալվում է նաև բուժաշխատողների ակտիվ ներգրավվածությունն այս կարևորագույն ակցիային, ովքեր իրենց ամենօրյա գործունեության ընթացքում 18 տարեկանից բարձր ազգաբնակչության շրջանում ակտիվորեն կիրականացնեն զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերումն ու նրանց տվյալների անանուն ներմուծումը www.sirt.am կայքի շտեմարանում:

Նույն շարքից