Այսօր՝ մայիսի 29-ին, Ազատության հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով այն մասին, թե ինչու ԱԺ նախագահը չմասնակցեց Սարդարապատում տեղի ունեցած միջոցառմանը, նշեց, որ այդ մասին պետք է հարցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը:
Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ ցավալի թյուրիմացություն է տեղի ունեցել:
Շարմազանովի խոսքերով, ՀՀ-ում կա իշխանությունների տարանջատման սկզբունք, և օրենսդիր իշխանությունը խորհրդարանական համակարգում իշխանության ամենաառանցքային թևերից մեկն է. «Ես գտնում եմ, որ անկախ անձից, անկախ կուսակցական պատկանելությունից, ԱԺ խորհրդի բոլոր անդամները պետք է հրավիրված լինեին միջոցառմանը, ինչը չի արվել»:
Շարմազանովի պնդմամբ, տեղի ունեցածն անհասկանալի է, քանի որ հենց վարչապետը եղել է պատգամավոր և բազմիցս նշել է ԱԺ-ի դերի բարձրացման մասին. «Փաստորեն թյուրիմացությո՞ւն է, որ իշխող խմբակցությունից, որը 9 անդամ ունի, 4-ին են հրավիրում, իսկ 58 հոգանոց խմբակցությունից՝ 3 հոգի: Իսկ եթե թյուրիմացություն է, մեր հարգարժան վարչապետը կարող էր աշխատանքի նշանակել կոմպետենտ կադրերի, որոնք կգիտակցեին, որ պետական միջոցառումը պետք է ունենա պատշաճ ներկայացվածություն դատական, գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից: Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է նախարարները ողջ կազմով այնտեղ լինեն, իսկ ԱԺ նախագահը, տեղակալները և հանձնաժողովների նախագահները հրավիրված չլինեն: Սա առնվազն ոչ ժողովրդավարական վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ»:
Շարմազանովի խոսքերով, տեղի ունեցածն անհարգալից վերաբերմունք է Ազգային ժողովի նկատմամբ. «Ես ակնկալում էի այդ թվում նաև ներողություն: Դա ուժեղ մարդու քայլ է: Ես բազմաթիվ անգամներ ներողություն խնդրել եմ, երբ սխալ եմ գործել»: