Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ մի խումբ ուսանողներ այսօր բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:
Պետական համալսարանում կեսօրին ռեկտորի հետ հանդիպումից հետո ուսանողները հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ նիստերի դահլիճից, քանի դեռ ռեկտորը հրաժարական չի տվել: Սիմոնյանը սա հայտարարեց ճնշում և փորձեց հեռանալ դահլիճից, սակայն ուսանողները թույլ չտվեցին նրան դա անել, մի քանի ուսանող պառկեցին դռան մոտ՝ փակելով ռեկտորի ճանապարհը: Պառկողների թվում էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետի աշխատկազմի ղեկավար Վահան Կոստանյանը, ով ավելի ուշ լրագրողներին հայտնեց, որ ակցիային մասնակցում է որպես ուսանող:
Մի քանի րոպե ռեկտորին դահլիճում պահելուց հետո ուսանողներն ի վերջո թույլ տվեցին վերջինիս դուրս գալ, քանի որ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատանում էր:
Դրանից հետո ԵՊՀ ռեկտորը հայտարարեց, որ չի պատրաստվում ճնշման ներքո հրաժարական տալ, իսկ եթե օրինակ 2 հազար ուսանողի ստորագրություն լինի, կմտածի այդ մասին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայտարարություն տարածեց՝ կոչ անելով դադարեցնել բոլոր տեսակ բողոքի ակցիաները և հորդորելով աշխատել կառավարության հետ, որը վայելում է ժողովրդի վստահությունը: