Սերժ Սարգսյանը վերջին 30 տարիների Հայաստանի մեծագույն պատրիոտներից մեկն է, մեծագույն հայերից մեկն է, մեծագույն պետական ու ազգային գործիչներից մեկն է: Այսօր՝ մայիսի 29-ին, Ազատության հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց, թե ինքը կրկնակի հպարտ է, որ պատիվ է ունեցել աշխատել Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ և նրա ժամանակակիցն է. «Ժամանակը բոլորիս, ամեն մեկին իր արժանի տեղը կդնի, շատերին կմոռանա, որոշներին՝ կհիշի: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանն այն մարդկանցից մեկն է լինելու, ում պատմությունն արժանի դրական գնահատականը կտա»:
ՀՀԿ խոսնակն ասաց, որ ինքը շարունակելու է պաշտպանել ՀՀ 3-րդ նախագահին, ինքը քամելիոնի նման չէ և չի անում կյանքում մի բան, ինչին չի հավատում. «Ես համոզմունքի մարդ եմ: Ես հավատում եմ վերևում Աստծուն, ներքևում՝ նժդեհյան գաղափարախոսությանը, իմ ազգային և քրիստոնեական արժեքներին: Իսկ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար իր անձնական շահն ավելի ստորադաս է, քան՝ Հայաստանի և պետության շահը»: