Բարի օր Հասարակություն 

Ինչո՞ւ են անձրևաջրերը կուտակվում և ինչպես է Վեոլիա ջուր ընկերությունը տեսնում խնդրի լուծումը

analitik.am

Հարգելի քաղաքացիներ.

Վեոլիա Ջուր ՓԲԸ հիմնական գործառությունից մեկը նաև վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրևաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է:

Այն իրականացվում է գործող կարգի համաձայն ու ողջ ծավալով: Մասնավորապես, նվազագույնը տարին 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը համակարգը մաքրվում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաև վերանորոգվում, ինչի շնորհիվ անձրևատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին: Իսկ անձրևաջրերի քրոնիկ կուտակումների վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որոնք մաքրվում են ըստ անհրաժեշտության:

Տվյալ ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունում ձևավորվել է հատուկ բանվորական անձնակազմ, որը գործում է ըստ գրաֆիկի՝ մաքրելով համակարգի ինժեներական կառույցները թաղամաս առ թաղամաս: Շատերը տեսած կլինեն. աղբը անձրևընդունիչներից Վեոլիա Ջրի աշխատակիցները հանում են ու կուտակում հարևանությամբ, որն այնուհետև հեռացվում է «Սանիտէք» ընկերության կողմից:

Սակայն մեր կողմից վարձակալած Հայաստանի պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ, մասնավորապես ոչ բոլոր փողոցներն ունեն անձրևատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը: Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն զարգացումը անցած տասնամյակների ընթացքում հիմնականում չի ուղեկցվել անձևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ: Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը: Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է: Արդյունքում, եթե մեղմ անձրևները աննկատ են մնում երևանցիների համար, ապա հորդ կամ տեղատարափ անձրևների ժամանակ երբեմն անձրևատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հընթացս հեռացնել հոսող ջրերը: Դրանք կուտակվում են հիմնականում փողոցներում՝ խոչընդոտելով տրանսպորտի աշխատանքն ու անհարմարություններ պատճառելով անցորդներին:

Նման այդպիսի մի երևույթի ականատես եղան երևանցիները վերջին օրերին, որի համար, որպես ակամա մեղավոր, հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում խնդրի լուծման գործում մեր պատրաստակամությունը:

Տեղեկատվության կարգով այնուամենայնիվ նշենք, որ ըստ օդերևութաբանների, վերջին օրերին մայրաքաղաքում հատվածաբար տեղացած անձրևները եղել են արտակարգ հորդառատ և գերազանցել են նորմերը մի քանի անգամ: Վեոլիա ջրի մասնագետները, ովքեր, ելնելով եղանակային կանխատեսումներից, այդ ժամերին հերթապահել են ջրի հնարավոր կուտակման վայրերում, ամենուր չէ, որ կարողացել են ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը նույն՝ անձրևատարների անբավարար թողունակությամբ պայմանավորված:

Իսկ խնդրի արմատական լուծումն առկա համակարգի առաջընթաց տեմպերով զարգացումն է, որը ենթադրում է խոշորածավալ կապիտալ ներդրումներ, ինչը ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված վարձակալության պայմանագրով դրված է Վարձատուի՝ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի վրա: Ելնելով դրանից, վարձակալ Վեոլիա ջուր ՓԲԸ-ն, որպես շահագործող կազմակերպություն, դիմել է վերջինին, խնդրելով Երևան քաղաքի անձևատար համակարգերում գոյություն ունեցող խնդիրները ներառել պետական ներդրումային ծրագրերում՝ տեսանելի ապագայում դրանց լուծում տալու նպատակով:

 

Վեոլիա ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

 

Նույն շարքից