Քաղաքականություն 

Մենք այսօր եկել ենք այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ Թբիլիսիում

analitik.am

Այսօր՝ մայիսի 30-ին, Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ վերջինիս հետ քննարկել է նաև տարածաշրջանային կայունությանը, խաղաղությանը, անվտանգությանը վերաբերող հարցեր՝ հավելելով, որ պետք է ջանքերը համատեղել, որովհետև տարածաշրջանի կայունությունը կարևոր է բոլորի համար:

Փաշինյանը խոսեց նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասով Վրաստանի հետաքրքրվածության մասին. «Մենք տպավորված էինք այն հետաքրքրությամբ, որ Վրաստանի հանրությունը ցուցաբերում էր Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության նկատմամբ: Մեզ շատ ջերմացնում էր վրաց լրագրողների մասնակցությունը: Ես այստեղ տեսնում եմ ծանոթ դեմքեր, ովքեր  մեզ համար շատ հարազատ են դարձել: Ուրախ եմ, որ ձեզ տեսնելու առիթ կա: Ես հուսով եմ, որ այս հետաքրքրվածությունը մենք փոխադարձ կպահպանենք»:

«Մենք այսօր եկել ենք այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու, կոնկրետ խնդիրների լուծման համար հնարավորությունը ստեղծելու նպատակով: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությոններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, որոնք կբխեն ՀՀ-ի և Վրաստանի շահերից: Մենք՝ որպես ինքնիշխան երկրներ, առաջին հերթին պարտավոր ենք սպասարկել մեր ազգային շահերը և ես համոզված եմ, որ մեր կառավարություններն ունեն բավարար կամք և հմտություն, որպեսզի մենք կարողանանք մեր համագործակցությունը դարձնել խիստ արդյունավետ, որպեսզի մեր երկրների քաղաքացիները զգան մեր բարեկամության խորացումը և պոզիտիվ մթնոլորտը, որը հաստատված է իմ վարչապետի քննարկման արդյունքում: Համոզված եմ, որ Թբիլիսիում բովանդակալից և հետաքրքիր ժամանակ կանցկացնենք»,-ասաց Փաշինյանը հույս հայտնելով Վրաստանի վարչապետին տեսնել Հայաստանում:

Փաշինյանը հավելեց, որ շփվելու շատ առիթներ կլինեն, պետք է նոր առիթներ փնտրել իրար տեսնելու, իրար ժպտալու, խնդիրները բարեկամական մթնոլորտում լուծելու համար. «Ողջունում եմ եղբայրական վրաց ժողովրդին»:

 

Նույն շարքից