Այսօր՝ մայիսի 30-ին, Ազատության ուղիղ եթերում ԱԻՆ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, խոսելով նախարարության կողմից իրականացվող ստուգումների մասին, նշեց, որ իր նշանակումից անմիջապես հետո կարգադրել է համապատասխան տեսչությանը հանրային բոլոր օբյեկտներում, արտադրական վտանգավոր օբյեկտներում ստուգումներ անցկացնել:
Նախարարի խոսքերով, այս պահի դրությամբ 160-ից ավել օբյեկտներ են ստուգվել, թերություններ են հայտնաբերվել, որոնք հիմնականում կապված են հակահրդեային պաշտպանության և տեխնիկական ապահովման հետ:
Ռոստոմյանը հայտնեց, որ 1-2 շաբաթ ժամանակ է տրվել օբյեկտների տերերին թերությունները վերացնելու համար, իսկ սեփականատերերը շատ արագ վերացրել են դրանք:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում նույնպե՞ս ստուգումներ անցկացվել են, նախարարն ասաց, որ ստուգումները սկսվել են հենց Ծառուկյանին պատկանող օբյեկտներից: Թերություններ են հայտնաբերվել, որոնք շատ արագ շտկվել են: Նախարարի խոսքերով, ստուգվում են բոլոր օբյեկտները՝ առանց բացառության: