Analitik.am- ը զրուցեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության 2017 թվականի շրջանավարտ Արմեն Խաչատրյանի հետ, ով վերջին օրերին ԵՊՀ- ում «Ռեստարտ» նախաձեռնության մասով հանդես եկավ իր և իր կարծիքը կիսող մի խումբ մարդկանց անունից հայտարարությամբ, ովքեր դեմ էին «Ռեստարտ» նախաձեռնության գործելաոճին և մի շարք հարցերի վերաբերյալ մոտեցումներին։
Ա. Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որպես հեղափոխության անդամներից մեկը եղել է Ֆրանսիայի հրապարակում. «Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ապագան կախված է մի մարդուց և այդ մարդը դու ես՝ այս սիմվոլիկ կերպով ես երեկ միայնակ եկել էի «Ռեստարտ» նախաձեռնության վերջնագրային գործելաոճին դեմ ելնելու, սա պետք է անպայման շեշտվի, ոչ թե «Ռեստարտ» նախաձեռնության, այլ իրենց այդ գործելաոճին՝ ներխուժմանն ու ոչ կոնստրուկտիվ մոտեցմանը։ Ես կողմ եմ, որ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան լինի, այլապես դա կդառնա քաոս։ Իրենց մոտեցումն օրենքի տառին համապատասխան չի։ Այսօր իրենք ուզում են ակադեմիական մթնոլորտ, բայց իրենց պահվածքից չի երևում, որ իրենք կարող են ակադեմիական մթնոլորտ ստեղծել՝ այսինքն, իրենք բարձրացնում են ակադեմիական մթնոլորտի բացակայության հարցը, սակայն իրենց վարքից բնավ չի երևում, որ ակադեմիական մթնոլորտի համար են պայքարում։ Այսպես՝ առանց օրենքի, առանց կարգի և կանոնի մտնում են մի հաստատություն, որը վերջին հաշվով ակադեմիական հաստատություն է, ոչ թե քաղաքական կամ կառավարական շենք, նման կերպ չպետք է մոտենալ հարցին։ Լավ է, որ բոլոր ուսանողները, ովքեր շահագրգիռ են, իրենց խնդիրները բարձրացնեն, ողջունելի է նույնիսկ հիմնավոր և տեղին հրաժարականների հարցը, սակայն դա պետք է կատարվի օրենքին համապատասխան կարգով»։
Իսկ այն հարցին, թե ներկայումս ինչպիսի՞ իրավիճակ է տիրում ԵՊՀ-ում, Ա.Խաչատրյանն ասաց. «Ներկայումս համալսարանում ստորագրահավաքներ են տեղի ունենում, ովքեր դեմ են նման պահելաձևին։ Շատ դասախոսներ կան, որ կիսում են հենց այս տարբերակը, որովհետև գիտենք, որ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է և նույնիսկ ասում են, որ վերակենդանացման բաժնում է։ Վերջին հաշվով, այդ մարդը երկար տարիներ աշխատել է այստեղ։ Իհարկե, աշխատող մարդը միշտ էլ թերացումներ կունենա, չաշխատողն է, որ չի սխալվում, բայց նման ոճով, նման ձևով մոտենալ ու նման կերպով հարցեր լուծելը մեծ քաոս է ստեղծում, և այդ քաոսը կարող է վերաբերել ոչ միայն կոնկրետ այդ մարդուն, այլ բոլորին։ Բոլորի հանդեպ կարող են այդպես անել՝ անկախ նրա անուն ազգանունից և մասնագիտությունից, այդ գործելաոճով կարող են բոլորին խեղճացնել։ Սա ճնշում է, լուրջ ճնշում։ Մենք ուզում ենք, որ ամեն բան լինի օրենքի և իրավունքի շրջանակներում, իսկ իրենք օրենքից և իրավունքից դուրս են գալիս, մարդու ազատ տեղաշարժի իրավունքը խանգարում են, դռներ են փակում, կոնստրուկտիվ քննարկման չեն գնում։ Ռեկտոր Արամ Սիմոնյանը, վատառողջ լինելով, դուրս էր եկել իրենց հետ քննարկման, իսկ իրենք ծաղրական խոսակցություններ և ռեպլիկներ են անում։ Սա անընդունելի տարբերակ է»։
Խոսեցինք նաև այն մասին թե ի՞նչ պահանջով են հանդես եկել նախաձեռնության մասնակիցները, որին ի պատասխան Ա. Խաչատրյանն ասաց. «Իրենք կոնկրետ ասում են, որ առաջին հերթին ռեկտոր Արամ Սիմոնյանը պետք է հրաժարական տա, երկրորդը՝ հոգաբարձուների խորհուրդը ցրվի, երրորդը՝ պետք է լինի աուդիտ և չորորդն ասել են, որ պետք է Արհմիության և Ուսխորհրդի կասեցում լինի։ Այդ պահանջը չի համապատասխանում օրենքին, եթե ես պահանջ եմ ներկայացնում, պիտի հղում անեմ օրենքին։ Կարծում եմ բոլորն են կողմ, որ իրենք պահանջներ ներկայացնեն, բայց այդ պահանջներն օրենքի տառին համապատասխան լինեն, բարձրացնեն բոլոր խնդիրները։ Իհարկե, պետք է, որ աուդիտ լինի, որ բոլոր ֆինանսական չարաշահումները ստուգվի, մենք էլ ենք դրան համաձայն և իրենց հետ ենք այդ առումով, բայց երբ օրենքի տառին համապատասխան չեն դրսևորում իրենց և արդեն ակնհայտ իրենց գործելաոճով ցույց են տալիս, որ մարդկանց ազատություն և նույնիսկ մարդկանց իրավունքներ են ոտնահարում, դա էլ է ակնհայտ, և մենք դրան դեմ ենք։ Մյուս կողմից էլ՝ տեսնում ենք, որ մարդիկ են խառնվում դրա մեջ, որոնք կառավարության անդամներ են, այդ մարդիկ պաշտոնյա մարդիկ են, ինչո՞ւ են գալիս խոսում, դա էլ ճիշտ չի, չէ՞։ Եթե մարդիկ կառավարության անդամ են, թող գնան իրենց աշխատանքը կատարեն։ Գալիս են ակցիաների մասնակցում են և անունը դնում, որ իրենք ուսանող են և դրա համար են մասնակցում։ Այդպես ճիշտ չի, վերջին հաշվով այդ մարդիկ բարձրաստիճան պաշտոնյա են՝ այսինքն, մեկը կառավարության գրասենյակի ղեկավար է, մյուսը՝ փոխվարչապետի մամուլի քարտուղար։ Ճիշտ չի դա։ Լավ է, որ բոլոր ուսանողներն իրենց խնդիրները բարձրաձայնում են, բայց նման մարդկանց խառնվելը համալսարանի ազատ միջավայրին արդեն խարխլում է ակադեմիական միջավայրը՝ սա է, որ օրենքին չի համապատասխանում և անընդունելի է, այդ իսկ պատճառով ես դեմ եմ դուրս եկել իրենց այդ անհիմն ու անտեղի մոտեցմանը»։
Պարզեցինք նաև, թե ի՞նչն է պատճառը, որ նախաձեռնության մասնակիցները պահանջում են ռեկտոր Ա.Սիմոնյանի հրաժարականը, Ա.Խաչատրյանն ասաց. «Իրենք ոչ հավաստի տվյալներ են դուրս բերում, որն ուղղակի չեն էլ դնում քննարկման, որովհետև միայն ֆեյսբուքում են տարածում։ Կազմակերպված քննարկմանը ֆինանսական չարաշահումների ու իրենց հրապարակումների մասին փորձեց քննարկել ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը, սակայն իրենք դա չքննարկեցին։ Ես կողմ եմ, որ չարաշահումները բացահայտվեն, ես կողմ եմ, որ իսկապես իրավախախտները պատասխանատվության ենթարկվեն, բայց մինչև ինչ-որ մեկին իրավախախտման և ֆինանսական չարաշահումներում մեղադրելը, պետք է ունենանք հստակ հիմքեր և այդ հստակ հիմքերը պետք է ներկայացնենք պատկան մարմիններին, մենք չենք կարող շրջանցել օրենքները և մեր կարծիքների հիման վրա մարդկանց անվան հետ խաղանք»։
Ավելի վաղ արդեն տեղեկացել էինք, որ ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր բողոքի ակցիան դադարեցնելու մասին։ Այս մասով Ա.Խաչատրյանն ասաց. «Ինչքանով ես եմ տեսել, այո, նախաձեռնության անդամներն այդպիսի հրապարակում ունեն, որտեղ ասվում է, որ բողոքի ակցիան դադարեցվում է»։
Նաև ասաց իր կողմից նախատեսված հետագա քայլերի վերաբերյալ. «Իմ և իմ համակիրների հետագա քայլերի ու մոտեցումների վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք ուզում ենք օրենքին համապատասխան լինի այդ ամենը, իհարկե բոլորս էլ ուզում ենք օրինական տարբերակով լուծվեն խնդիրները, և այդպիսի մարդիկ շատ-շատ են»։ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները պատահական ելան ու հանկարծակի սկսեցին կոչեր անել գործադուլի, դասադուլի, դրա համար ստացվեց այսպես, բայց հիմա ամեն բան ակնհայտ է՝ իրենց փաստերն անհիմն են և դա արդարացի չի։ Մյուս կողմից էլ՝ նախաձեռնության անդամներից մեկն էլ ՝ Դավիթը Պետրոսյան, հանձնել է քննությունները, ավարտել է համալսարանը և գալիս դասադուլի կոչ է անում՝ այսինքն, չհասկացանք ինքն ավարտի, վերջացնի, նոր գա մնացածին կոչ անի, որ եկեք ինձ միացե՞ք։ Բա մարդիկ քննություն են տալիս, ուզում են ավարտել, շատերն էլ՝ գնալ բանակ, ճիշտ չի, չէ՞, պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի»։ Իսկ «Ռեստարտ» նախաձեռնություն ընդհանրապես պիտի լինի ոչ միայն ԵՊՀ-ում, այլ շատ ու շատ ուրիշ հաստատություններում, կառույցներում և շատ դրական է դա ու շատ գնահատելի։ Եվ այդ «Ռեստարտ»-ը չպետք է մենաշնորհի ինչ-որ մեկը, այլ լինի բոլոր Հայաստանի քաղաքացիների գլխավորությամբ, ովքեր շահագրգիռ են, որպեսզի Հայաստանը փայլուն ապագա ունենա, ունենա լավ աշխատանք և լավ արդյունք։ Իհարկե, պետք է «Ռեստարտ» լինի, փոփոխություններ լինեն, ես համաձայն եմ դրան, մենք համաձայն ենք դրան, բայց դեմ ենք օրենքի խախտումներին ու ոչ համապատասխան վարվելակերպին։ Ես ուղղակի ամաչում եմ իրենց փոխարեն»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը: