ՀՀ քաղաքացի Թերեզա Ղուկասյանը բաց նամակ է հղել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Մեծարգո տիկին Թանդիլյան. Ես՝ Թերեզա Արմենի Ղուկասյանս ծնվել եմ 1995թ. ՌԴ Կրասնոդարի երկրամասում և անմիջապես ծնողներիս հետ տեղափոխվել Երևան: Ներկայումս ՀՀ քաղաքացի եմ: Սովորում եմ Ռուս-Հայկական(Սլավոնական) Համալսարանում 2015թ-ից: Սոցիալական վիճակիցս ելնելով, նախընտրեցի ուսանել հեռակա բաժնում, որպեսզի կարողանամ զուգահեռ աշխատել և լուծել ուսման վարձավճարի խնդիրը:
Աշխատում եմ փոքրիկ հյուրանոցում, սակայն, որպես աշխատակից ձևակերպված չեմ: Ամուսնացել եմ 2017թ.-ին: Ամուսնուս հետ բնակվում եմ վարձով: Որոշակի պահից սկսած գործատուի կողմից պատեհ-անպատեհ կոնֆլիկտային իրավիճակներ են հրահրվում իմ հանդեպ։
Վերջերս նույնիսկ բաց տեքստով ինձ ասվել է, որ ես աշխատանք փնտրեմ չնայած հանգամանքին, որ իրենք այլ աշխատող դեռ չեն կարողանում գտնել և անընդհատ ձգձգում են վերջնականապես ինձանից, որպես աշխատողի, հրաժարվելը: Ես, իհարկե, արդեն փնտրում եմ նոր աշխատանք, սակայն ամենուր մասնագիտական ունակություններիս հավանություն տալուց հետո, գործատուները, երբ իմանում են նորապսակ լինելուս մասին, միևնույն պատճառաբանությամբ հրաժարվում են վերցնել ինձ աշխատանքի:
Կարծում եմ, եթե այսպես շարունակվի, մենք, երիտասարդներս, աշխատանքի ընդունվելուց առաջ ստիպված ենք լինելու ստորագրություն տալ, որ մոտակա տասնամյակում կամ չենք ամուսնանալու, կամ ուղղակի երեխա չենք ունենալու, ինչը ես, բարեբախտաբար, թե ցավոք սրտի, չգիտեմ, ամենևին չեմ կարող երաշխավորել:
Սա, իհարկե, խորքային խնդիր է, որին առընչվում են երիտասարդների ճնշող մեծամասնությունը և որի օրենսդրական լուծումների մասին ամենևին չեմ հավակնում խորհուրդներ տալ, ուղղակի բարձրաձայնում եմ ակնկալելով, որ այդ ուղղությամբ առջարկություններով և նախաձեռնություններով հանդես կգաք, որպես նախարար…
Դառնալով ինձ, կասեմ, որ լի եմ եռանդով և ՀՀ աշխատունակ քաղաքացի եմ, մեծ ցանկություն ունեմ աշխատելու և ռեալիզացնելու ուժերս: Չեմ շեշտի, որ երիտասարդ ընտանիք ենք, բնակվում ենք վարձով, միաժամանակ վերջին կուրսի ուսանող եմ և սոցիալապես ծանր վիճակում կհայտնվենք, եթե ես չաշխատեմ: Ուստի խնդրում եմ որևէ կերպ աջակցել ինձ գտնելու աշխատանք:
Երևան քաղաքի բնակչուհի Թերեզա Արմենի Ղուկասյան