«Ընդհանրապես կրթական հաստատությունները պետք է զերծ լինեն քաղաքական ազդեցություններից կամ շահարկումներից: Սա պետք է գործի ցանկացած ժամանակահատվածում»,- այսօր՝ հունիսի 1-ին, խորհրդարանում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ում տիրող իրավիճակին և հավելելով, որ իր զեկույցներում մշտապես խոսել է այդ մասին:
Թաթոյանը նշեց, որ ԲՈՒՀ-ում սովորող ուսանողները լիարժեք իրավունք ունեն բարձրացնել իրենց դժգոհությունները, իրենց հուզող հարցերը, որոնք ԲՈՒՀ-ի համապատասխան սուբյեկտների կողմից պետք է ստանան պատշաճ արձագանք. «Իմ կարծիքով, յուրաքանչյուր հարց պետք է լուծվի իրավունքի գերակայության սկզբունքին համաձայն, օրենքով նախատեսված հատուկ կարգով և այդ նպատակով ստեղծված մարմինների կողմից»:
«ԵՊՀ-ի հետ կապված ես մանրամասն հետևում եմ այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում, տեղյակ եմ բոլոր մանրամասներին և հարցերին, որոնք բարձրաձայնվում են: ԵՊՀ-ում, եթե կան խնդիրներ, պետք է քննվեն համապատասխան մարմինների կողմից, և ես պատրաստվում եմ դիմել այդ մարմիններին՝ հասկանալու համար, թե ինչ ընթացակարգեր են նախատեսված: Պետք է իրականացվի պատշաճ ստուգում, քանի որ խոսքը վերաբերում է կրթությանը: Չպետք է լինեն այդ ստուգումը կանխորոշող հայտարարություններ կամ գնահատականներ: Բացի դրանից, իրավախախտման բացահայտման դեպքում, իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության: Բայց ինձ հետաքրքրում է նաև մայր բուհի հեղինակության հարցը, դրա համար շատ կարևոր է իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան գործելը»: