Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն երեկ՝ մայիսի 31-ին, հրաժարական տվեց: Վրաստանի քաղաքացիները բողոցի ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով նրա հրաժարականն այն բանից հետո, երբ երկու անչափահասների սպանության գործով դատական վճիռը կայացվեց: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
Վրաստանի Գլխավոր դատախազության մոտ էին հավաքվել մոտ 20 հազար մարդ, ովքեր պահանջում էին 16-ամյա Լեվան Դադունաշվիլիի և Դավիդ Սարալիձեի սպանության գործի անաչառ քննություն: Նշենք, որ անչափահասները սպանվել են 2017-ի դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած վեճի արդյունքում: Բողոքի մասնակիցները կարծում են, որ դատախազությունը հովանավորում է վիճաբանության մասնակիցներից մեկին՝ կառույցի նախկին աշխատակցի որդուն: Դատարանը ազատազրկման է դատապարտել մի մեղադրյալի, իսկ մյուս մարդասպանին դատախազությունը չի կարողացել հայտնաբերել:
Նշենք, որ բողոքի մասնակիցներն ավելի ուշ արդեն պառլամենտի շենքի մոտ պահանջում էին նաև Վրաստանի վարչապետի հրաժարականը: Գեորգի Կվիրակաշվիլին հրաժարվեց հրաժարական տալ՝ հայտարարելով, որ երբ վստահ լինի, որ իր հրաժարականը երկրին օգուտ է տալու, նույնիսկ եթե դա լինի ոչ մեծ օգուտ և կթուլացնի երկրում լարվածությունը, նա անգամ մի վարկյան չի կասկածի: Վրաստանի վարչապետը նաև նշեց, որ այս պահին նման իրավիճակ չկա, ուստի ինքը ցանկանում է պահպանել երկրի կայունությունը:
