ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ ՊԵԿ-ը գների գոյացման հետ կապված որևէ գործառույթ չունի: Նա ասաց, որ լսել է այն մասին, որ ժամանակին ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, որպեսզի խուսափեն գների 50-60 տոկոս աճից.
«Խնդիրը շատ ավելի պարզ և հասարակ է: Եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ գյուղմթերքների և մսամթերքների դեպքում պետք է, եթե ավելացված արժեքի հարկի դաշտում է աշխատում սուպերմարկետը, վճարի իր հարկերն ամբողջ ծավալով: Եթե այդ հարկերի վճարման շրջանակներում գնագոյացման 50-60 տոկոս աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ սննդի փոքր խանութներն ավելի մրցունակ կլինեն՝ հաշվի առնելով շրջանառության հարկի գործելու փաստը, դրանք շատ ավելի մրցունակ կլինեն: Մի կարևոր հանգամանք կա՝ ժամանակին սուպերմարկետները մտածել են, որ իրենք պետք է մրցակցեն նաև իրենց հարևանությամբ գործող փոքր ու միջին կազմակերպությունների հետ՝ արհամարելով մասշտաբի էֆֆեկտը, այդպես ճիշտ չէ: Մենք ի՞նչ ենք մտածում՝ որպես ՊԵԿ, մենք ասում ենք, որ եթե այդպիսի փոփոխություններ կլինեն կամ գները կբարձրանան, մենք ուղղակի ուսումնասիրություններ կանենք, որպեսզի համոզվենք, թե այդ գների բարձրացումն ինչքանով է արդարացված կամ ինչքանով է արժանահավատ: Եթե տեսնենք, որ հարկերի հետ են կապված այդ գների բարձրացումները, որևէ խնդիր չենք տեսնում, ՊԵԿ-ը գների գոյացման, գների զսպման հետ գործ չունի»:
ՊԵԿ նախագահը նաև խոսեց այն մասին, որ եթե օրենսդրության փոփոխության հարց առաջանա, ապա ֆինանսների նախարարության հետ կարող են մտածել այդ մասին:
Նա նաև նշեց, որ չգրանցված որևէ աշխատող չպետք է լինի: Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որի մասին մամուլը գրեց՝ նշելով, որ Ալեքսանյանն ասել է, որ եթե աշխատողներին բերի հարկային դաշտ, ապա բազմաթիվ աշխատողներ կկորցնեն իրենց աշխատանքը, ՊԵԿ նախագահն ասաց, որ վստահ չէ, որ նման հանդիպում եղել է՝ ասելով, որ ինքը չի, որ պետք է մեկնաբանի այդ հարցը:
ՊԵԿ նախագահն ասաց, որ եթե քննարկումների արդյունքում պարզվի, որ գործող օրենսդրությունը չի խթանում աշխատողների գրանցմանը, ապա համապատասխան փոփոխություններով հանդես կգան. «Հարկ վճարող առանձին խմբերի և անձանց հետ օրենքից դուրս որևէ բանակցություններ չի լինելու»:
Խոսելով նախկինում եղած պայմանավորվածություններից՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ դրանք եղել են ՊԵԿ-ի և որոշակի գործարարության ներկայացուցիչների միջև և այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել՝ ասելով, որ որևէ պաշտոնյայի անուն չի կարող առանձնացնել, քանի որ համակարգն է համաձայնության եկել. «Եթե որոշակի պաշտոնյաներ մասնագիտական առաջարկներ են արել և այդ առաջարկները երկրի ղեկավարության հետ քննարկման արդյունքում համաձայնության են եկել, մենք իրավունք չունենք ասել ՊԵԿ-ի այս կամ այն աշխատակիցն այս կամ այն առաջարկն է արել, որի արդյունքում այս իրավիճակն է ստեղծվել: Գիտեմ, որ բարձր մակարդակով՝ մինչև վարչապետի մակարդակ եղել է այդպիսի համաձայնեցում, որպեսզի գյուղմթերքների առումով գնային որևէ շեղումներ չլինեն»:
Նա նաև նշեց, որ եթե համաձայնությունները եղել են օրենքից դուրս, ապա պետք է պատժվեն բոլոր կողմերը: